«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունն այսօր տոնել է իր հիմնադրման 20-ամյակը:«Ինգոսստրախ» («Ինգո Արմենիա»-ի գլխավոր բաժնետեր) ընկերության գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Միխայիլ Վոլկովի խոսքով՝ «Ինգո Արմենիա»-ն, չնայած խմբում իր համեմատաբար փոքր չափերին, աճում է ավելի արագ տեմպերով, քան իրենց ռուսաստանյան բիզնեսն ու մյուս երկրներում դուստր ընկերությունները: «Հայաստանյան շուկայում «Ինգո Արմենիա»-ն բավական լուրջ դիրքերում է, իսկ գործունեության 20 տարին նշանակալի թիվ է այս շուկայի համար: Թվային եւ բիզնես տեխնոլոգիաների առումով այն, որոշ դեպքերում, արձանագրել է այնպիսի արդյունքներ, որոնց դեռեւս չենք հասել «Ինգոսստրախ»-ում: Հպարտ ենք, որ մեր դուստր ընկերությունը տոնում է իր 20-ամյակը եւ հուսով ենք, որ այն ավելի առաջ կգնա եւ նորանոր հաջողություններ կգրանցի»,- ընդգծել է Միխայիլ Վոլկովը:Նա ուրախությամբ հայտնել է, որ այս տարի լրանում է նաեւ «Ինգոսստրախ»-ի 70-ամյակը:«Չնայած ռուսաստանյան ֆինանսական համակարգում տիրող բարդ իրավիճակին, «Ինգոսստրախ»-ը շարունակում է առաջատարի դիրք զբաղեցնել ՌԴ ապահովագրական շուկայում: Մենք մտնում ենք Ռուսաստանի առաջին երեք խոշոր ապահովագրական ընկերությունների շարքում եւ համարվում ենք ֆինանսապես առավել կայուն ընկերություններից, ինչը կարեւորագույն ցուցանիշ է ապահովագրական բիզնեսի համար»,- նշել է նա:Պատասխանելով Banks.am-ի հարցին, թե որն է եղել «Ինգոսստրախ»-ի «երկարակեցության» եւ կայուն զարգացման գաղտնիքը, Միխայիլ Վոլկովը նշել է, որ իրենց հաջողության հիմքում առաջին հերթին մարդիկ են:«Ամբողջ գաղտնիքը մարդկանց մեջ է: «Ինգոսստրախ»-ը եղել է ԽՍՀՄ-ում գործող երկու ապահովագրական ընկերություններից մեկը: Մեր ընկերությունը միշտ զբաղվել է ապահովագրության առավել բարդ տեսակներով՝ ապահովագրելով ԽՍՀՄ-ի ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ արտասահմանում: Մենք ունենք աշխատակիցներ, որոնք այստեղ աշխատում են 20, 30, անգամ 40 տարի, բազմաթիվ են նաեւ երիտասարդ կադրերը, որոնք ունեն թարմ պատկերացումներ այն մասին, թե ինչպիսին է լինելու մեր ապագայի հաճախորդը»,- ասել է Միխայիլ Վոլկովը:«Ինգոսստրախ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Կայգորոդովան էլ նշել է, որ «Ինգո Արմենիա»-ն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ապահովագրական ընկերությունների իրենց խմբում:Նրա խոսքով՝ ընկերությունը վառ օրինակ է, թե ինչպես կարելի է փոքր շուկա ունեցող երկրում արդյունավետ, որակյալ եւ նորարար բիզնես վարել:««Ինգո Արմենիա»-ն այս տարիներին անցել է բավական երկար ճանապարհ՝ փոքր մասնավոր բիզնեսից վերածվելով համակարգաստեղծ ընկերության: Նրան հաջողվել է իր մեջ զուգակցել ֆինանսական կայունության եւ կորպորատիվ կառավարման՝ խոշոր ընկերություններին հատուկ հատկանիշներ, եւ, միաժամանակ, կիրառել հաճախորդամետ մոտեցում, որն օրինակելի է խմբի մյուս ընկերությունների համար»,- ասել է Տատյանա Կայգորոդովան:«Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արեւշատ Մելիքսեթյանն էլ ներկայացրել է ընկերության գրանցած հաջողություններն ու առաջիկայի ծրագրերը:Նա տեղեկացրել է, որ այս տարի «Ինգո Արմենիա»-ն ներդրել է ապահովագրական ծառայությունների մատուցման՝ Հայաստանում առաջին առցանց հարթակը, որտեղ հնարավոր է գնել ԱՊՊԱ-ի եւ տուրիստական ապահովագրության պոլիսներ: Բացի այդ, ընկերությունը հոկտեմբերի 1-ից իրականացնելու է պետական ծառայողների պարտադիր բժշկական ապահովագրություն, իսկ հոկտեմբերի 21-ից արդեն մատուցելու է կամավոր բժշկական ապահովագրության ծառայություններ ֆիզիկական անձանց համար: Tweet Դիտում՝ 3197