Ինեկոբանկը responsAbility Investments AG կազմակերպության հիմնադրամներից սեպտեմբերի 14-ին $12 մլն վարկային միջոցներ է ներգրավել:Ինչպես նշել են բանկում, միջոցներն ուղղվելու են միկրո բիզնեսի ֆինանսավորմանը՝ նպաստելով տնտեսական զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այդպիսով, Ինեկոբանկի եւ responsAbility Investments AG հիմնադրամների միջեւ կնքված պայմանագրերի ընդհանուր մնացորդը կազմել է շուրջ $30 մլն, «ինչը վկայում է կազմակերպությունների միջեւ արդյունավետ եւ երկարաժամկետ համագործակցության մասին»: «Մենք ուրախ ենք եւս մեկ անգամ ամրապնդել երկարաժամկետ եւ կայուն հարաբերությունները մեր կառույցների միջեւ, որոնք ուղղված են մեր հաճախորդների համար էլ ավելի գրավիչ առաջարկների ստեղծմանը»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գառնիկ Թադեւոսյանը: Բանկում նշել են, որ responsAbility Investments AG հիմնադրամն ակտիվների կառավարման ոլորտի աշխարհի առաջատար կազմակերպություններից է, որն առաջարկում է ներդրումային ճկուն եւ պրոֆեսիոնալ լուծումներ ինչպես անհատ ներդրողներին, այնպես էլ կազմակերպություններին: Կազմակերպության ներդրումային գործիքները զարգացող երկրներում եւ նոր ձեւավորվող տնտեսական շուկաներում նորաստեղծ կազմակերպությունների համար ապահովում են ֆինանսավորում վարկերի եւ կապիտալի տեսքով, ինչի շնորհիվ այս ընկերությունները կարողանում են բավարարել բնակչության լայն շերտերի հիմնական պահանջներն ու խթանել տնտեսական զարգացումը՝ հանգեցնելով երկրների բարգավաճմանը երկարաժամկետ հեռանկարում: «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ. եւ հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը: Բանկի առաքելությունն է դառնալ առաջատար մանրածախ, միկրո եւ ՓՄՁ բիզնեսի հաճախորդների համար բանկային ծառայությունների մատուցման ոլորտում: Ինեկոբանկը համագործակցում է շուրջ 30 միջազգային ֆինանսական կառույցների հետ, այդ թվում են 3 բաժնետեր՝ IFC-ն, DEG-ը եւ EBRD-ն, ինչպես նաեւ խոշոր վարկատուներ ADB-ն, FMO-ն, BSTDB-ն, EFSE-ն, OeEB-ն, OFID-ն եւ այլ կազմակերպություններ: responsAbility Investments AG հիմնադրամի հետ Ինեկոբանկը համագործակցում է 2007-ից: Tweet Դիտում՝ 12949