Արդշինբանկը կհամագործակցի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ, որի շրջանակում բանկը 100 մլն դրամի ֆինանսական օգնություն կտրամադրի թատրոնին: Համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանն ու թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Ինչպես հայտնել են բանկում, աջակցությունն ուղղված է թատրոնի հետագա զարգացմանը, երկրի մշակութային կենսագրության հարստացմանը, ավանդույթների պահպանմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը, ինչպես նաեւ հասարակության շրջանում օպերայի, բալետի եւ թատերական մշակույթի հետագա զարգացմանը: «Արդշինբանկն այսօր պաշտոնապես ստանձնեց առաքելություն՝ նպաստելու երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող ոլորտներից մեկի աջակցմանն ու դրա հետագա զարգացմանը: Առանցքային համարելով մեր երկրում մշակույթի եւ արվեստի զարգացումը, ինչպես նաեւ մշակութային ժառանգության պահպանումը՝ բանկի բարեգործական ծրագրերն այսուհետեւ ուղղված են լինելու նաեւ այս ոլորտի զարգացմանը: Հասարակության հետ հաղորդակցման այս միջոցն ամենաարդյունավետն է, քանի որ այն, ինչ փոխանցվում է մշակույթի միջոցով, համամարդկային է, գեղեցիկ եւ մաքուր. հենց դա է թույլ տալիս գնահատել բարձրարժեքն ու ձգտել կատարելագործման: Թատրոնի գլխավոր հովանավորի կարգավիճակը մեծ պատիվ եւ պատասխանատվություն է բանկի համար: Համոզված ենք, որ սա աջակցություն է, որը ստեղծելու է նոր արժեքներ, ավելին, մենք սա չենք դիտարկում որպես զուտ բարեգործություն, այն նպատակային ներդրում է ապագայի մեջ, որտեղ շահում է թե՛ հասարակությունը, թե՛ բիզնեսը»,- ասել է Մհեր Գրիգորյանը:«Մենք վստահ ենք, որ Արդշինբանկի հետ մեկնարկող գործընկերային հարաբերությունները կնպաստեն Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի հետագա զարգացմանը: Այն հանգամանքը, որ հայաստանյան հեղինակավոր բանկերից մեկը ստանձնել է բարձրարժեք մշակույթին աջակից լինելու գործը, երկուստեք պատվաբեր եւ պարտավորեցնող է: Բանկի հետ համագործակցության արդյունքում ստացվելիք նյութական միջոցներն օգտագործվելու են նոր ներկայացումներ բեմադրելու նպատակով, այդ թվում՝ մանկական, որոնք, հուսով ենք, արժանի տեղ կզբաղեցնեն թատրոնի ոսկե ֆոնդում»,- նշել է Կոնստանտին Օրբելյանը: Tweet Դիտում՝ 17508