OMX Group-ի փոխնախագահը հայտարարել է Հայաստանի կապիտալի շուկայում “հեղափոխության” անհրաժեշտության մասին

06.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 6 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Շվեդական OMX Group-ի ավագ փոխնախագահ Հենրի Բերգսթրոմն այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի կապիտալի շուկայում “հեղափոխության” անհրաժեշտության մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, OMX-ի փոխնախագահն ասել է այս մասին` հանդես գալով Կենտրոնական Բանկի կողմից կազմակերպված “Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները” կլոր սեղանին, որին մասնակցել են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները:

Հենրի Բերգսթրոմի խոսքերով, ներկայումս Հայաստանի կապիտալի շուկան գտնվում է վերակենդանացման վիճակում, “երբ դժվար է շնչել եւ սնվել, իսկ սիրտը վատ վիճակում է”: Սակայն, նշել է նա, “առկա է շուկայի մասնակիցների կամքը եւ պատրաստակամությունը` աջակցելու վերակենդանացման գործընթացին”:

Ինչպես նշել է OMX Group-ի փոխնախագահը, կապիտալի հայկական շուկայում ներդրողներին առաջարկվում է ծառայությունների սահմանափակ տեսականի: Նրա կարծիքով, պետք է սկսել ենթակառուցների բնագավառում, հատկապես` վճարահաշվարկային ոլորտնում առկա խնդիրների լուծումից: Հենրի Բերգսթրոմը նկատել է, որ խոսքը գնում է ոչ այդքան համակարգի ներդրման, որքան կապիտալի շուկա ներդրողների ազատ մուտքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին:

“Մենք քննարկումներ ենք անցկացրել հայտնի հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք նախնական հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի ֆոնդային բորսայում արժեթղթերի առաջնային տեղաբաշխման նկատմամբ”, - նշել է OMX-ի փոխնախագահը:

Բերգսթրոմի գնահատականով, անհրաժեշտ են գործուն լծակներ երկրի կապիտալի շուկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար: Այդպիսի լծակներից մեկը, նրա կարծիքով, հարկային արտոնությունների տրամադրումն է ընկերություններին, որոնք պատրաստակամություն են հայտնել տեղաբաշխել իրենց բաժնետոմսերը ֆոնդային բորսայում:

OMX-ի փոխնախագահն ասել է, որ կապիտալի շուկայի զարգացման մյուս պայմանը կարող են դառնալ կենսաթոշակային բարեփոխումները: Նա նշել է, որ աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, որոնք վկայում են այն մասին, որ կապիտալի շուկայի զարգացման հիմնական շարժիչ ուժը կենսաթոշակային համակարգն է:

“Մենք մտադիր ենք Հայաստանի կապիտալի շուկայում ներդնել OMX “որակի նշանը” եւ օգտագործել այստեղ եվրոպական լավագույն փորձը”, - նշել է Հենրի Բերգսթրոմը:

OMX-ի փոխնախագահի կանխատեսումներով, 10 տարի անց “մենք գործ կունենաք արդյունավետորեն աշխատող կապիտալի հայկական շուկայի հետ”:

Հայաստանի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է անցկացված կլոր սեղանի կարեւորության մասին, նշելով, որ դրանք առաջին հրապարակային քննարկումներն էին OMX-ի, Հայաստանի կառավարության եւ Կենտրոնական Բանկի միջեւ հուշագրի ստորագրումից հետո, որի համաձայն OMX-ը ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական Դեպոզիտարիան:

Մայիսի 25-ին OMX Group-ը հայտարարեց NASDAQ ընկերության հետ միավորվելու մասին: Նոր ընկերությունը կկոչվի NASDAQ OMX Group:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6478
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW