Վերաֆինանսավորման տոկոսադրույքը շարունակում է մնալ անփոփոխ

26.09.2017 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #վերաֆինանսավորման տոկոսադրույք
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր կրկին որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6%:

Հիշեցնենք, որ տոկոսադրույքի վերջին փոփոխությունը կատարվել էր 2017թ. փետրվարի 14-ին:

«2017թ. օգոստոսին արձանագրվել է 0,4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը պահպանվել է նույն մակարդակում՝ օգոստոսի վերջի դրությամբ կազմելով 0,9%: Ընդ որում, 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է ընդհանուր գնաճի համեմատ առաջանցիկ տեմպերով` նախորդ ամսվա 0,7%-ից հասնելով 1,5%-ի, իսկ սեզոնային գյուղմթերքների գների աճը կտրուկ դանդաղել է՝ 7,8%-ի դիմաց կազմելով 1,2%»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:


Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումներն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների մասով: Վերջինս նպաստել է պղնձի գների զգալի բարձր մակարդակի ձեւավորմանը, մինչդեռ ապրանքահումքային մյուս շուկաներում դրսեւորվել է չափավոր գնաճ: Այս պարագայում ԿԲ խորհուրդն արտաքին հատվածից ակնկալում է թույլ գնաճային ազդեցություններ:

ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ 2017թ. առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճը գերազանցել է ակնկալիքները 1 տոկոսային կետով՝ կազմելով 6%: Տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվել է նաեւ երրորդ եռամսյակում՝ պայմանավորված արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտների աճերով, որոնք փոխհատուցել են գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտների նվազումը:

«ԿԲ գնահատումների համաձայն՝ ներքին պահանջարկը վերականգնվում է սպասվածից արագ, ինչի մասին են վկայում տնտեսության վարկավորման, ներմուծման աճի եւ բնականոն գնաճի արձանագրված բարձր տեմպերը: Ներքին պահանջարկի վերականգնումը մեծապես պայմանավորվել է իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ եւ կանխատեսվածից քիչ զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ:

Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը մնում է այն կարծիքին, որ քաղաքականության տոկոսադրույքի ներկայիս մակարդակը բավարար խթանող է եւ կանխատեսվող սցենարով դեռեւս որոշ ժամանակ կպահպանվի խթանող: Այն կշարունակի իր ազդեցությունը փոխանցել համախառն պահանջարկին, ինչի հետեւանքով գնաճն աստիճանաբար կավելանա` կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 2529
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW