Մեկնարկում է 3-5% տոկոսադրույքով վարկերի տրամադրման գործընթացը

20.09.2017 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #Հակոբ Անդրեասյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը եւ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանն այսօր հուշագիր են ստորագրել:

Գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հուշագիրը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցությանը:

Ծրագրի շրջանակում շահառուներին կտրամադրվեն 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր` նախկին 8%-ի փոխարեն, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների եւ գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կկազմի 3%:


Իգնատի Առաքելյանը նշել է, որ ծրագրի նկատմամբ խիստ վերահսկողություն է սահմանվելու, որպեսզի գումարը հասնի իրական հասցեատերերին եւ նպատակին ծառայի: Նախարարն ընդգծել է, որ գումարը շահառուներին կտրամադրվի փուլային տարբերակով` համաձայն ներկայացված ծրագրի յուրաքանչյուր փուլից հետո մոնիթորինգ կիրականացվի եւ միայն դրանից հետո կհատկացվի հերթական ֆինանսավորումը, իսկ չարաշահումների բացահայտման դեպքում սուբսիդավորումը կդադարեցվի:

Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում եւ ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը պարզաբանել է, որ դասընթացին մասնակցությունը դեռ երաշխիք չէ վարկ ստանալու համար, տնտեսությունը պետք է նաեւ վարկունակ լինի:

Ռոբերտ Մակարյանի խոսքով` դասընթացները տեւելու են մինչեւ 5 օր, հիմնադրամի մարզային կառույցներում մասնակիցների գրանցման գործընթացն արդեն մեկնարկել է, այս պահին կա շուրջ 300 դիմորդ:

Փոխնախարարը հույս է հայտնել, որ ծրագրին առաջիկայում նաեւ այլ ֆինանսական կառույցներ կմիանան:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքով՝ եթե նախկինում ծրագիրը նաեւ սոցիալական ուղղվածություն ուներ, ապա այժմ ռեսուրսներն ուղղվելու են առավել կայունացած, «դեպի շուկան ուղղված» միջին, խոշոր կամ խոշորացման ձգտող տնտեսություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում կիրառում են ինովացիոն տեխնոլոգիաներ, կառավարման առավել ժամանակակից մեթոդներ կամ իրական ցանկություն ունեն դրանք ապագայում ներդնել իրենց տնտեսություններում։

Հակոբ Անդրեասյանը հավելել է, որ հավաստագրերի ստացումից հետո պատրաստ են շահառուներից վարկավորման հայտեր ընդունել:
Դիտում՝ 7561
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW