Գյուղոլորտի ծրագրերն ու խնդիրները՝ սահմանամերձ Տավուշում

07.09.2017 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #Տավուշ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով  եղել է Տավուշի մարզի մի շարք համայնքներում, մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանի ուղեկցությամբ ծանոթացել իրականացվող ծրագրերին:

«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամ

Առաջին կանգառը Լուսաձորի համայնքում գործող «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի անասնաբուծական ֆերման էր: Տնօրեն Սուրեն Գեւորգյանի խոսքով՝ հիմնադրամի ստեղծմամբ նպատակ են ունեցել սահմանամերձ մարզում աշխատատեղեր բացել, ինչպես նաեւ խթանել գյուղատնտեսությամբ զբաղվելը:

Հիմնադրամն ունի 1500-2000 շահառու, որպես աջակցություն տրամադրում են եգիպտացորենի եւ ցորենի սերմացու, տնկիներ, գյուղտեխնիկա, իսկ ստացված բերքը գյուղացիներից հետ են գնում շուկայական արժեքով: Զբաղվում են նաեւ անասնապահությամբ, հիմնել են 7 կոոպերատիվ, որոնց տրամադրել են գյուղատնտեսական կենդանիներ եւ աջակցում են անասնակերի հարցում, ինչպես նաեւ խորհրդատվություն են տրամադրում: Հիմնադրամն ունի նաեւ կաթի վերամշակման արտադրամաս, որտեղ հնարավոր է օրական մշակել մոտ 10 հազ. լիտր կաթ:

Նախարարը դրական է գնահատել անասնապահության ոլորտում «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի փորձը` ընդգծելով, որ այն նոր մշակույթ է բերում եւ որպես օրինակ կարելի է կիրառել եւ ընդլայնել` փոքր տնտեսությունների զարգացման նպատակով:

Ավանդական գյուղատնտեսությունից՝  կոլեկտիվ գործելակերպին

Սահմանամերձ Սարիգյուղ համայնքում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակում հիմնվել է արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվ: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գեւորգյանի խոսքով` այն հաջողված կոոպերատիվներից է. շարունակում է զարգանալ, համալրվել նոր անդամներով, ընդլայնել արտադրությունը, այստեղ արդեն նոր գյուղտեխնիկա են ձեռք բերել սեփական եկամուտների հաշվին: Այսօր հիմնադրամը կոոպերատիվին աջակցություն եւ մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում արտադրանքի իրացման կազմակերպման հարցում:

Մարզում ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ ստեղծվել է 26 կոոպերատիվ, աշխատանքներ են իրականացվում 6 համայնքում, հեռագնա արոտներում կառուցվում են ջրարբիացման համակարգեր, խմոցներ, տրամադրվում է գյուղտեխնիկա: Գեղամ Գեւորգյանի խոսքով`ավանդական գյուղատնտեսությունից կոլեկտիվ գործելակերպին անցնելը գյուղացիների համար թեեւ դեռեւս դյուրին չէ, սակայն նման կոոպերատիվների արդյունավետ փորձն ու դրական արդյունքները շատերին են ոգեւորում, ինչի վկայությունը ծրագրի երկրորդ փուլում ստացվող ավելի շատ հայտերն են:

Բնակիչների հետ հանդիպմանը Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ առավել մատչելի կդառնան սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքները, ընդ որում՝ եթե հանրապետության մյուս համայնքների համար տոկոսադրույքը կդառնա տարեկան 5%, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների եւ կոոպերատիվների դեպքում վարկերն էլ ավելի մատչելի կլինեն` 3%:

Սարիգյուղում նախարարը մասնակցել է նաեւ մեղվաբույծների հետ կազմակերպված հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է Տավուշի մարզում մեղրի համար ընդհանուր չափորոշիչների սահմանման, մթերման եւ վերամշակման կետի ստեղծման հնարավորությունը, ինչի նպատակով Հայաստան պետք է ժամանեն մասնագետներ Ռուսաստանից:

Հանդիպմանը ներկա ՀՀ մեղվաբուծության ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանն ընդգծել է, որ Տավուշի մարզում արտադրված մեղրն իր բարձր որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ ունի արտասահմանյան շուկայում, այդ թվում՝ Չինաստանում, սակայն մեղրի հավաքագրման կետի բացակայությունը խոչընդոտում է մեղվաբուծական արտադրանքի արտահանման կազմակերպմանը:

Արքայանարնջի այգի եւ օրգանական չրի արտադրություն՝ Բերքաբերում

Նախարարի հաջորդ կանգառը Բերքաբեր համայնքում էր: Գյուղացիները նշում են, որ հողն այստեղ չափազանց բերրի է, անգամ կատակում են` քարն էլ է աճում, սակայն ոռոգման ջրի խնդիր ունեն, համակարգը մաշված է եւ վերանորոգման կարիք ունի:

Բերքաբերցի ֆերմեր Արա Խուդավերդյանի հողատարածքը սահմանին շատ մոտ է, սակայն դա նրան չի ընկճել: Այստեղ արքայանարնջի այգի է հիմնել եւ այժմ օրգանական չրի արտադրությամբ է զբաղվում: Այգին 2.5 հա է, ակնկալում է մոտ 20 տոննա բերք ստանալ: Իրացման խնդիր չունի, նախապես պայմանագիր է կնքել արտահանող ընկերություններից մեկի հետ: Այգում նաեւ կաթիլային ոռոգման համակարգ է ներդրել, ասում է` ջրի խնայողությունն ակնհայտ է, ոռոգումը համաչափ է կատարվում, մոլախոտերի զարգացումն է կանխվում, ջուրն էլ իր նպատակին է ծառայում:

«Հայկական միրգ». ինտեսիվ այգիներ Այրումում եւ Պտղավանում

Նախարարը եղել է նաեւ Այրում եւ Պտղավան համայնքներում, այցելել «Հայկական միրգ» ծրագրի շրջանակում հիմնված պտղատու ինտեսիվ այգիներ: «Հայկական միրգ» ԲԲԸ-ի տնօրեն Հովիկ Հովհաննիսյանը հայտնել է, որ ծրագիրն ավարտվել է 2016 թ. հունիսին, սակայն ընկերության եկամուտների հաշվին շարունակվում են հիմնված 85 հա դեղձենու, նեկտարինի, կեռասենու, խնձորենու, սալորենու այգիների խնամքի աշխատանքները, այնուհետեւ դրանք անհատույց հանձնում են գյուղացիական տնտեսություններին:

Այրում համայնքում 4.5 հեկտարի վրա հիմնվել է նեկտարինի եւ դեղձենու այգի, այն ծրագրի շրջանակում հիմնված առաջին այգին է, տնկանյութը ներկրվել է Իտալիայից, երկրորդ տարվանից ծառերը բերք են տվել: Պտղավանի ընկուզենու այգու տարածքը 3.8 հեկտար է, այստեղ աճեցվում են չանդլեր եւ ֆրանկետ տեսակի ընկուզենիներ, որոնք բերքատվության են անցնում յոթերորդ տարում:

Ամփոփելով այցի արդյունքները՝ Իգնատի Առաքելյանը նշել է, որ Տավուշի մարզում բնակիչներին մտահոգող խնդիրներից է ոռոգման ջրի բացակայությունը: Մարզպետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդրի լուծման տարբերակներ գտնելու հարցում:
Դիտում՝ 3378
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW