Երեւան, 25 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Ֆոնդային բորսայի եւ Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի ապագա սեփականատերը` շվեդական OMX Group-ը, այսօր հայտարարել է NASDAQ ընկերության հետ միավորման մասին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով համաշխարհային ԶԼՄ-ները, նոր ընկերությունը կոչվելու է NASDAQ OMX Group: Գործարքը գինը գնահատվում է $3.67 մլրդ: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ ապրիլի վերջին OMX-ն ու Հայաստանի կառավարությունը հայտարարեցին, որ շվեդական խումբը ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան: Շվեդական OMX-ի փոխնախագահ Նիքլաս Լիլյան ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր, որ “հայկական շուկան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում աճի նկատմամբ եւ անհրաժեշտ նվիրում ունի”: Նրա խոսքերով, “պետք է ուժեղացնել շուկայի մասնակիցների մոտիվացիան, ինչը թույլ կտա հաղթահարել առկա արգելքները”: Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին. արդյո՞ք OMX-ի մուտքը Հայաստան նշանակում է, որ հայկական խոշոր ընկերությունները կկարողանան դուրս գալ միջազգային շուկաներ, Նիքլաս Լիլյան ասել էր. “Մեր առաջնային նպատակը տեղական շուկայի զարգացումն է: Ի նկատի ունենք այնպիսի պայմանների ստեղծում, որոնք թույլ կտան ներդրողներին եւ ընկերություններին ավելի հեշտ գտնել միմյանց: Առաջին հերթին մենք ցանկանում ենք հնարավորություններ ապահովել ներդրումների համար` տեխնիկական արգելքները զգալի դժվարություններ էին առաջացնում: Ներդրումային որոշումները պետք է հիմնվեն թափանցիկ տեղեկատվության վրա: Եթե ներդրողը հիմնվում է թափանցիկության վրա, ներդրումները կատարվում են ժամանակին եւ անարգելք, ինչն արդեն իսկ մեծ նվաճում է տեղացի ներդրողների համար: Իրացվելիության աստիճանական աճն ու նոր ընկերությունների ներգրավումը եւս մեր առաջնահերթությունների շարքում են: Իսկ երկարաժամկետ ծրագիրը կայանում է նրանում, որպեսզի հայկական ներդրողներին հնարավորություն տրվի աշխատել արտասահմանյան արժեթղթերի հետ”,- ասել էր OMX Group-ի փոխնախագահը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6734