«Լիդիան Ինթերնեյշնլն» այսօր ներկայացրել է Ամուլսարի ծրագրին առնչվող կայուն զարգացման իր առաջին զեկույցը։Զեկույցում ներառվել են ընկերության շահագրգիռ կողմերի կողմից նախանշված մի շարք կարեւոր ոլորտներում 2016 թ. արձանագրած ցուցանիշները՝ տեխնիկական անվտանգության եւ առողջության, բնապահպանական, համայնքների ներգրավման ու զարգացման, տեղական կադրերի զբաղվածության ապահովման եւ մի շարք այլ ոլորտներում։ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ զեկույցում տեղ են գտել նաեւ ընկերության ձեռքբերումների եւ բացթողումների մասին տեղեկություններ։«Այսօր Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի հանդեպ վստահության մակարդակը բարձր չէ, եւ մենք՝ բաց եւ թափանցիկ երկխոսությամբ, խնդիրների վերհանմամբ, ցանկանում ենք վերականգնել այդ վստահությունը։ Դա անելու ենք պատասխանատու հանքարդյունաբերությամբ, ոլորտի արդիականացմամբ եւ թափանցիկությամբ»,- ասել է Հայկ Ալոյանը։Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն էլ նշել է, որ այսօր իրենց համար դեռեւս առաջնային խնդիրներից է՝ շինարարական աշխատանքներում ներգրավվել տեղական աշխատուժը։«Անցած տարի լավ ցուցանիշ է գրանցվել, եւ չորս ազդակիր համայնքերից աշխատանքի ներգրավման 45 %-անոց ցուցանիշ ենք գրանցել, որը մոտ 20 %-ով գերազանցել է մեր կանխատեսումները»,-ասել է նա։ Որպես ծրագրի բացթողում՝ զեկույցի հեղինակները առանձնացրել են հանքի շինարարության հետ կապված ուշացումները եւ քաղաքացիական հասարակության որոշ հատվածների կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերված որոշակի անվստահությունը:«Այս խնդիրները լուծելու նպատակով 2017 թվականի համար մեր կողմից սահմանվել են բավականին հավակնոտ նպատակներ», - ընդգծել են զեկուցողները։«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Ռոբերտ Քարուն էլ նշել է, որ զեկույցում հստակ արտահայտվում է ընկերության երեք հիմնական կայուն զարգացման ուղղությունները՝ հաշվետվողականություն, վստահություն եւ թափանցիկություն։ «Մենք հստակ գիտենք, որ հաշվետու ենք բոլոր շահառուների առջեւ եւ ցանկանում ենք լինել առավելագույնս թափանցիկ։ Ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես ենք աշխատում, ինչ ենք արել, ինչպիսի բացթողումներ ունենք»,- ասել է նա։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ տպավորված է ընկերության առաջին զեկույցով։«Այն ներկայացնում է ընկերության պարտավորությունների եւ հանձնառությունների կատարումը շրջակա միջավայրի, աշխատուժի եւ շրջակա համայնքների նկատմամբ։ Ընկերությունը պարտավորվում է բաց եւ թափանցիկ աշխատել շրջակա համայնքների հետ եւ հաշվի առնել հանքարդյունաբերության ոլորտի բոլոր ռիսկերը, որոնք մշտապես առկա են»,-նկատել է դեսպանը։ Ամուլսարի ծրագրին առնչվող կայուն զարգացման զեկույցը հայերեն եւ անգլերեն լեզուներով կարելի է գտնել www.lydianinternational.co.uk եւ www.lydianarmenia.am կայքերում։ Tweet Դիտում՝ 10241