«Բիբլոս Բանկ Արմենիա»-ն եւ ՀԱՀ-ը գործարկել են նոր վարկային ծրագիր

24.08.2017 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #ՀԱՀ #վարկավորման ծրագիր
Մեկնարկել է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համատեղ ծրագիրը, որի շրջանակում ՀԱՀ-ի մագիստրատուրայում սովորող եւ ֆինանսական աջակցության կարիք ունեցող ուսանողները կարող են վճարել իրենց վարձավճարը՝ օգտվելով մատչելի վարկատեսակից:  

«Համագործակցության արդյունքում մշակվել է նոր վարկավորման ծրագիր, որը բարձրագույն կրթությունն առավել հասանելի ու մատչելի կդարձնի»,- ասված է հաղորդագրությունում:  

Ծրագիրը նախատեսում է ուսման վարձի մինչև 80%-ի չափով ֆինանսավորում ընդամենը 5% տարեկան տոկոսադրույքով`արտոնյալ ժամանակահատվածով վարկի մարման հնարավորությամբ: Ուսումնառության եւ հետագա 6 ամիսների ընթացքում կվճարվեն միայն վարկի տոկոսները, իսկ հետագա 30 ամիսների ընթացքում՝ մայր գումարը եւ տոկոսները:

«Կրթության ոլորտը մշտապես եղել է Բիբլոս Բանկի ուշադրության կենտրոնում: Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ այս վարկավորման ծրագիրը կօգնի ավելի մեծ թվով ուսանողների ստանալ որակյալ բարձրագույն կրթություն, բացահայտել իրենց ներուժն ու գտնել ուրույն տեղն աշխատաշուկայում: Ավելին, բանկը, սկսած 2017 թվականից, կրթաթոշակ է տրամադրում  նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին: Հուսով ենք, որ համագործակցությունը Համալսարանի հետ կնպաստի մեր հասարակության զարգացմանն ու բարեկեցությանը»,- նշել է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը:  

Արտոնյալ պայմաններով վարկն ուսանողներին կտրամադրվի դրական վարկային պատմության առկայության դեպքում, ՀՀ դրամով եւ երկու անձանց երաշխավորությամբ:

«Որակյալ կրթության վրա ծախսված միջոցները կարող են դառնալ մարդու կյանքում երբեւէ կատարած ամենաշահութաբեր ներդրումը։ Հայաստանի ամերիկյան համալսարանում ստացած կրթության շնորհիվ անհամեմատ աճում է մեր շրջանավարտների պահանջարկն աշխատաշուկայում եւ վստահությունը, որ  շրջանավարտն իր աշխատանքի շնորհիվ ի վիճակի կլինի կատարել վարկային պարտավորությունները։ Այս համագործակցությամբ համալսարանը եւս մեկ քայլ է կատարում կրթությունը ֆինանսական կարիք ունեցողներին հասանելի դարձնելու համար։ Վստահ ենք, որ շատերը կօգտվեն  այս բացառիկ հնարավորությունից»,- ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կուրղինյանը։

Ծրագրից օգտվել ցանկացող Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները կարող են դիմել համալսարան մինչեւ ս.թ. սեպտեմբերի 4-ը՝ նամակ հղելով  financialaid@aua.am էլ․ հասցեին:

Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են Հայաստանի ամերիկյան համալսարանի կայքում եւ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ կայքում, ինչպես նաեւ 060 616100 հեռախոսահամարով։
Դիտում՝ 12680

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW