ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է Իրանի նախագահի խորհրդական, Առեւտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակության հետ։Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սուրեն Կարայանն ընդգծել է, որ ընդհանուր տնտեսական համագործակցության զարգացման շարժիչ ուժ կարող են դառնալ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի եւ Իրանի սահմանին գտնվող Արազ ԱՏԳ-ները: Նախարարի խոսքով՝ ԱՏԳ-ների փոխգործակցությունը կարող է նաեւ Հայաստանի հարավի եւ Իրանի հյուսիսի տարածաշրջանների զարգացման ընդհանուր ծրագրի հիմքը դառնալ։ Սուրեն Կարայանը նշել է, որ մի շարք երկրների գործարարների եւ պաշտոնյաների կողմից արդեն իսկ կա մեծ հետաքրքրություն այս երկխոսության շուրջ։ Կողմերի համոզմամբ՝ անհրաժեշտ է մշակել առավելագույն դյուրացված համագործակցության մեխանիզմներ, որպեսզի երկու ԱՏԳ-ները լինեն ոչ թե մրցակիցներ, այլ գործընկերներ։ Հանդիպմանը ներկա Արազ եւ Մեղրի ազատ տնտեսական գոտիների տնօրեններին հանձնարարվել է այս ուղղությամբ հստակ առաջարկներ ձեւավորել։ Աքբար Թորքանն ընդգծել է նաեւ, որ վիզային ռեժիմի չեղարկումը լուրջ խթան էր զբոսաշրջության զարգացման համար։ «Ինքս ականատես եղա, որ բազմաթիվ իրանցի զբոսաշրջիկներ կան Երեւանում, դա շատ ուրախալի է։ Այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ կարող ենք ունենալ։ Զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը բերում է նաեւ տնտեսական այլ ոլորտներում փոխգործակցության խորացման»,- ասել է իրանցի պաշտոնյան:Զրուցակիցները քննարկել են նաեւ «հալալ» զբոսաշրջության զարգացումը Հայաստանում։ Կողմերի նախաձեռնությամբ ստեղծվել է երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների եւ արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու եւ գործնական առաջարկներ մշակելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը պատվիրակության ղեկավարի հետ այցի ավարտին կամփոփի խմբերի աշխատանքների արդյունքները եւ կքննարկի կոնկրետ գործնական առաջարկները։ Tweet Դիտում՝ 2432