ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում կայացած հանդիպմանը կարեւորել են Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Հասան Ռոհանին նշել է, որ մինչ այժմ այդ ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվել եւ ընդգծել է, որ մոտ ապագայում համաձայնագրի ստորագրումը բավական արդյունավետ կլինի: Իրանի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի այցը Թեհրան նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը:Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետեւողական աշխատանքը: Նախագահները կարեւորել են մի շարք ոլորտներում իրականացվող խոշոր ծրագրերն ու նոր եւ հեռանկարային նախագծերի իրականացումը: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման կարեւորությանը, ինչպես նաեւ կարեւորվել է էներգետիկայի ոլորտում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձեւաչափով համագործակցության զարգացումը: Tweet Դիտում՝ 26103