Banks.am-ը ներկայացնում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի մենեջմենթի ֆակուլտետի ուսանող Նարեկ Զաքարյանի հոդվածը՝ ամերիկյան տնտեսության ներկայիս վիճակի եւ հնարավոր զարգացումների մասին: Սակավ, շատ սակավ է պատահել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամերը ճշգրտորեն կանխատեսվել են, իսկ կանխատեսված լինելու պարագայում էլ, որ խնդրո առարկայի շուրջ դիտարկումները հաշվի են առնվել որոշումներ ընդունողների կողմից: Եթե այդպես լիներ, մեծ է հավանականությունը, որ հնարավոր կլիներ կանխարգելել դրանք: Սակայն կյանքն այնպիսին է, ինչպես որ է, եւ ոչինչ չես փոխի: Ինչեւիցե, ճգնաժամերն ունեցել են նախապատմություն եւ ընթացք, ուստի նախաճգնաժամային «նշանային համակարգերի» ի հայտ գալը հնարավորություն է տալիս եթե ոչ կանխագուշակել, ապա գոնե ահազանգել նմանատիպ երեւույթների հնարավորության մասին: Իսկ այդ նշաններն այսօր առկա են եւ բացառված չէ ֆինանսատնտեսական մի նոր ճգնաժամ առաջիկայում:Բորսայական ճգնաժամերը կանխատեսելու յուրատեսակ մոտեցումներ է հեղինակել ինվեստիցիոն հանճար Ուորեն Բաֆեթը, որն այսօր երրորդ ամենահարուստ մարդն է աշխարհում: Ըստ այդմ, եթե ընդհանուր մարկետ կապիտալիզացիան (երկրի բոլոր ԲԲԸ-ների ընդհանուր արժեքը) գերազանցում է երկրի ՀՆԱ-ն, ապա հնարավոր է ճգնաժամ՝ երեւույթի ի հայտ գալուն հետեւելիք ոչ շատ հեռու ապագայում: Այսօր ԱՄՆ-ի ընդհանուր մարկետ կապիտալիզացիան գերազանցում է 25 տրիլիոն դոլարը, իսկ ՀՆԱ-ն 18,6 տրիլիոն դոլար է:Այդպես եղել է եւս երկու անգամ, առաջինը՝ 2000-ին, երկրորդը՝ 2008-ին: 2000թ. ԱՄՆ-ի բաժնետիրական շուկան արձանագրեց չհիմնավորված մեծածավալ դրամական ներհոսք՝ կապված dotcom կոչվող թրենդի հետ: Դա, ըստ էության« այլ բան չէր, քան ինտերնետային ընկերությունների թռիչքային զարգացման ակնկալիք, ինչը հարուցեց մեծածավալ ներդրումներ ոլորտային շուկայում: Բայց դրանք հասան այնպիսի չափերի, որ առաջացած ներդրումային փուչիկը պայթեց, համապատասխան ընկերությունների՝ ներդրողների սպասելիքներն այլեւս արդարացնելու անկարողության պատճառով. ծայր առավ դրամական արտահոսքերի մեծ ալիք ԱՄՆ բորսաներից: 2000թ. բորսայական ճգնաժամը չհանգեցրեց ֆինանսատնտեսական ճգնաժամի, բայց 2008-ին, ինչպես գիտենք, նույնպիսի happy end չարձանագրվեց: 2008-ից հետո պարզ դարձավ, որ 2000-ին «փրկօղակի» դեր է կատարել ինվեստիցիոն բանկերի ու մեծ ինստիտուտների՝ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու սահմանափակ ու նվազ հակվածության հանգամանքը, ինչն էլ թույլ տվեց բորսայական ճգնաժամի հետեւանքները դյուրությամբ հաղթահարել:Այսօր ԱՄՆ-ում մարկետ կապիտալիզացիա-ՀՆԱ հարաբերակցությունը 134 տոկոս է՝ ի վնաս ՀՆԱ-ի, ինչը բարձր է 2008-ի նախաճգնաժամային ցուցանիշից: Ի՞նչ սպասել: Անշուշտ, դժվար է կանխատեսել՝ հնարավոր ռեցեսիան կհանգեցնի՞ գլոբալ տնտեսական ճգնաժամի, թե՞ կսահմանափակվի ԱՄՆ-ի բորսայական միջավայրում: Դա, ըստ էության, կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ արդյունավետությամբ ամերիկյան ֆինանսական կարգավորող ինստիտուցիոնալ մարմինները կարձագանքեն «երեւակվող» ճգնաժամին, որի ահագնացման գործում իր տեղն ունի նաեւ վերջին մեկ տարում ամերիկյան «բոլոր դժբախտությունների միանձնյա հեղինակ» նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա տնտեսական նախագիծն այն ձեւով, ինչպես իրականացվում է, ըստ էության, նպաստում է ճգնաժամային հեռանկարի առարկայացմանը: Թրամփն առաջարկում էր մեծ հարկային կրճատումներ, մասնավորապես, կորպորատիվ հարկերի նվազեցում 35-ից 15 տոկոսի: Այս քաղաքականության արդյունքում դրամական մեծ ներհոսքեր եղան դեպի ամերիկյան բորսաներ, բորսայական գլխավոր ինդեքսները վեց ամսում բարձրացան շուրջ 20%-ով, ամերիկյան բաժնետիրական ընկերությունների ընդհանուր մարկետ կապիտալիզացիան (ընդհանուր արժեքը) մեծացավ շուրջ 4 տրիլիոն դոլարով՝ կազմելով մոտ 25 տրիլիոն դոլար: Եվ Թրամփն էլ Թրամփ չէր լինի, եթե գրեթե ամեն օր չկրկներ. «Մենք ընդամենը վեց ամսում ԱՄՆ-ը դարձրինք 4 տրիլիոն դոլարով ավելի հարուստ»:Առաջին հայացքից, այո, այդպես է, մակերեսորեն դատող էլեկտորատի համար նույնիսկ ոգեշնչման աղբյուր, մինչդեռ այլ է իրականությունը. մեծածավալ դրամական ներհոսքերը հարուցեցին վախեր, թե նախատեսվածից ավելի կարող են արագանալ գնաճի տեմպերը: ԱՄՆ-ի կենտրոնական բանկը՝ Fed Reserve-ը« կտրուկ փոխեց իր բազմամյա քաղաքականությունը՝ արագորեն բարձրացնելով վերաֆինանսավորվման տոկոսադրույքը: Բարձրացող տոկոսը ենթադրում է մասնավոր բանկերի տոկոսադրույքների բարձրացում ավանդների եւ վարկերի գծով: Այս քայլը փաստացիորեն քաղաքացիներին խրախուսում է խնայողությունները ներդնել բանկերում, ավելի բարձր շահույթ ստանալու ակնկալիքով: Արդյունքում դրամական հոսքերը դուրս են գալիս շուկայից, նպաստում դրամի առաջարկի կրճատմանը, որի հետեւանքով փողը սկսում է արժեւորվել թե՛ ապրանքների, եւ թե՛ արտարժույթի համեմատ, ու սանձվում է գնաճը: Այս կերպ սանձվում է նաեւ դրամական միջոցների հոսքը դեպի բիզնես ներդրումներ, ինչն էլ, իր հերթին, կանխարգելում է բաժնետոմսերի չափից դուրս գնային թռիչքները:Fed Reserve-ի ազդակները բավական ուժեղ էին, սակայն նախագահ Թրամփի հեղափոխական նորամուծություններն էլ ավելի գրավիչ էին ինվեստորների համար, ուստի դրամական ներհոսքը դեպի բաժնետոմսերի շուկա շարունակվեց: Վերաֆինանսավորման բարձրացող տոկոսադրույքն օտարերկրացիներին «քաջալերեց» միջոցները պահել դոլարով՝ ԱՄՆ բանկերում, իսկ թրամփական հարկային կրճատումների հեռանկարն էլ հարուցեց գումարները ԱՄՆ-ի բաժնետիրական շուկայում ներդնելու գրավչություն, որն էլ, իր հերթին էր խոստանում ավելի մեծ եկամուտներ:Այդուհանդերձ, այդպես երկար չշարունակվեց եւ նոր-նոր դրսեւորվող հույսերն արագորեն սկսեցին մարել:Նախ՝ Թրամփի ծրագրերը սկսեցին մերժվել Կոնգրեսում, հետո «արդիականացվեցին» Ռուսաստանի հետ «ստվերային» կապերի ու հյուսիս-կորեական խնդիրները, այնուհետեւ մի խումբ դեմոկրատ կոգրեսականների ձեռամբ իմփիչմենթի գործընթաց հարուցվեց եւ այլն:Իրադարձությունների այսօրինակ ընթացքն աստիճանաբար թուլացնում է Թրամփի դիրքերը: Մասնագետները կարծում են, որ խոստացված հարկային կրճատումներն էլ արդեն դժվար թե իրականանան, քանի որ Թրամփը չի կարողանում ազդել նույնիսկ սեփական կուսակիցների վրա: Ներմուծման հարկերի բարձրացումը, որը Թրամփի հիմնական խաղաքարտը պետք է լիներ հարկերը կրճատելու դիմաց առաջացած պակասորդը լրացնելու առումով, այլեւս չի իրականանալու. ծրագիրն այլեւս մահացած է՝ կանխատեսում են Հանրապետական կուսակցության վերնախավում:Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի տնտեսությունը կորցրեց իր թռիչքային զարգացման հեռանկարը: Գնաճի տեմպերն ավելի դանդաղ են, քան սպասվում էր, ինչը նշանակում է, որ տնտեսության զարգացման տեմպերն էլ են դանդաղում: Տնտեսական խաղացողների հավատի կորստի պատճառով ծայր առավ խոշոր մասշտաբների հասնող ամերիկյան ակտիվների վաճառք: ԱՄՆ-ի դոլարը սկսեց նահանջել, սակայն ԱՄՆ-ի բաժնետիրական բորսան չկորցրեց իր վերընթաց շարժման դինամիկան եւ շարունակում է վեր սավառնել՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի համար ամերիկյան ընկերությունների՝ չափից դուրս դրական ֆինանսական հաշվետվությունների հրապարակման փաստով պայմանավորված: Այսուամենայնիվ, շատ եւ շատ մասնագետներ մոտ ժամանակներում ԱՄՆ-ում որոշակի բորսայական ճգնաժամ են կանխատեսում՝ համարելով, որ ԱՄՆ-ի բաժնետոմսերի շուկան գտնվում է գերգնված (overbought) վիճակում: Թերեւս այս խառնաշփոթը հանգուցալուծվի մոտակա ամիսներին: Հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ում պետք է գործի նոր բյուջե, բայց կհաստատի Կոնգրեսը Թրամփի ծրագիրը, թե ոչ, դժվար է ասել: Հաստատելու դեպքում ԱՄՆ-ի շուկայի թռիչքը կշարունակվի, ֆինանսական փուչիկը կմեծանա առնվազն այնքան, մինչեւ ժամանակային որեւէ կետում կառարկայանա ճգնաժամը, գուցե եւ ավելի մեծը, քան 2008-ինն էր: Չհաստատելու դեպքում` կարող ենք ականատեսը դառնալ ամերիկյան շուկաների որոշակի անկմանը՝ ինչը չի բացառում թրամփական 4 տրիլիոնի արտամղում շուկայից եւ դոլարի շարունակվող անկում: Tweet Դիտում՝ 6292