Moody′s. Ադրբեջանի բանկերի մեծ մասը 2017-ին կաշխատի վնասով
27.07.2017 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ businesstimes.com

«Մենք կանխատեսում ենք, որ ադրբեջանական բանկերի մեծամասնությունը կաշխատի վնասով, քանի որ վարկերի գծով ծախսերը գերազանցում են եկամուտները, իսկ զուտ տոկոսային մարժան շարունակում է մնալ ցածր»,- ասել է Մարիա Մալյուկովան:
Նրա խոսքով՝ պարտքերի հնարավոր կորուստների պահուստը բավարար չէ ծածկելու բոլոր խնդրահարույց վարկերը, ինչը խորացնում է պահուստների նկատմամբ հետագա պահանջը:
«Բացի այդ, շատ բանկերում արտարժույթով չհեջավորված բաց կարճ դիրքերի պատճառով համակարգը շարունակում է մնալ խոցելի արժույթի փոխարժեքի տատանումների նկատմամբ»,- ասել է Մարիա Մալյուկովան՝ մեկնաբանելով Moody’s-ի «Ադրբեջանական բանկեր. աշխատանքի թույլ պայմաններ եւ արտարժութային ռիսկեր, որոնք ճնշում են բանկերի վարկունակությունը» զեկույցը:
Գործակալության կանխատեսմամբ՝ ադրբեջանական բանկերի արդյունավետությունը կշարունակի մնալ սահմանափակ թույլ գործառնական միջավայրի եւ արտարժութային բարձր ռիսկերի պատճառով:
«Ակնկալում ենք, որ 2017-ին շարունակվող տնտեսական անկումը՝ վարկավորման նկատմամբ թույլ պահանջարկի եւ բարձր գնաճի հետ համատեղ, կզսպեն Ադրբեջանի բանկերի վարկավորումը»,- ասել է Մարիա Մալյուկովան:
Moody’s-ի կանխատեսմամբ՝ այս տարի Ադրբեջանի տնտեսությունը կկրճատվի 1%-ով՝ 2016թ. լուրջ անկումից հետո, իսկ 2018-ին աճը կվերականգնվի:
«Խնդրահարույց վարկերի մակարդակը կշարունակի մնալ բարձր՝ հաշվի առնելով շուկայի անբարենպաստ պայմանները, վարկառուների սահմանափակ հնարավորությունները՝ սպասարկելու իրենց պարտքն ու նրանց խոցելիությունն արժութային ռիսկի նկատմամբ»,- կարծում է Մարիա Մալյուկովան:
Moody’s-ի փորձագետը նաեւ կանխատեսել է, որ Ադրբեջանի բանկերը կարող են կրկին առերեսվել կապիտալի բարձրացման անհրաժեշտությանը:
«Բանկերի կապիտալի բուֆերը ճնշման տակ կգտնվի վարկային մեծ կորուստների եւ արժութային ռիսկերի պատճառով: Կարգավորման եւս մեկ խստացումը կարող է պահանջել բանկերի լրացուցիչ վերակապիտալավորում»,- ասել է Մարիա Մալյուկովան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: