Ծիրանի արտահանումը «վերջին 7 տարիների համար աննախադեպ է եղել»
26.07.2017 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://minagro.am

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասել է, որ ծիրանի արտահանման նման ծավալ չի գրանցվել «գոնե վերջին 7 տարում»:
Նրա խոսքով՝ այս ցուցանիշը դեռեւս կշարունակի աճել, քանի որ սառնարաններում առկա է պահեստավորված ծիրան:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունից արտահանվել է շուրջ 65 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն, որից 62 հազ. տոննան՝ Ռուսաստան, մնացած մասը՝ հիմնականում Վրաստան, ԱՄԷ, Բելառուս եւ Ուկրաինա:
Ելակի արտահանման ծավալն այսօրվա դրությամբ կազմել է 2500 տոննա (աճ՝ 2 անգամ), իսկ կարտոֆիլինը՝ 5400 տոննա (աճ՝ 3 անգամ):
Միաժամանակ, հուլիսի 26-ի դրությամբ հանրապետությունում վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է 10 500 տոննա պտուղ-բանջարեղեն (աճ՝ 67%-ով), այդ թվում՝ 1 330 տոննա բանջարեղեն եւ մնացածը՝ պտուղ, որից 3700 տոննան՝ ծիրան:
Անդրադառնալով գյուղտեխնիկայի պետական աջակցության ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ դրա շրջանակում այսօրվա դրությամբ տրամադրվել է շուրջ 65 միավոր տեխնիկա, որոնցից 29-ը՝ տրակտոր: Նա հիշեցրել է, որ լիզինգը տրամադրվում է 9%-ով, որից 7%-ը սուբսիդավորում է պետությունը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ռոբերտ Մակարյանը նշել է, որ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական ծրագրի շրջանակում 2018-ից նախատեսվում է տրամադրել վարկեր, որոնց տոկոսադրույքի մի մասը սուբսիդավորվելու է պետության կողմից:
«Փոփոխություններ են նախատեսվում նաեւ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրում: Եթե նախկինում սուբսիդավորվում էր վարկի տոկոսադրույքի 6%-ը եւ վերջնական տոկոսադրույքը կազմում էր 8%, ապա այժմ պետական աջակցության շնորհիվ վերջնական տոկոսադրույքը լինելու է 5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում՝ 3%:
Նախատեսվում է փոփոխել նաեւ վարկերի ժամկետները. նախկին մինչեւ 3 տարվա փոխարեն կսահմանվի 3-10 տարի ժամկետայնություն, ինչը կբարձրացնի վարկերի նպատակայնությունը, քանի որ փոքր գումարով վարկերը գյուղացին կարող էր օգտագործել կենցաղային նպատակներով»,- ասել է փոխնախարարը:
Այս տարի նախատեսվում է իրականացնել շուրջ 7,5 մլրդ դրամի գյուղվարկավորում, իսկ հաջորդ տարիներին պորտֆելը կհասցվի տարեկան 10 մլրդ դրամի:
Առաջիկա ծրագրերի շարքում է նաեւ վերամշակողներին վարկերի տրամադրումը, որը թույլ կտա գնված հումքի դիմաց անմիջապես վճարել գյուղացիներին՝ խուսափելով կուտակվող պարտքերից: Վարկը կտրամադրվի 3%-ով եւ 1 տարի ժամկետով, գումարը կնքված մթերման պայմանագրի հիման վրա անմիջապես կտրամադրվի գյուղացուն: Ծրագրի շրջանակում նախատեսվում է տեղաբաշխել 18 մլրդ դրամ, պիլոտային ծրագիրը կմեկնարկի այս տարի՝ 2,4 մլրդ դրամի սահմաններում:
Անդրադառնալով հարցին, թե ինչն էր ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն գյուղոլորտում արձանագրված 1,4% անկման պատճառը, Ռոբերտ Մակարյանը նշել է, որ դա պայմանավորված էր գյուղատնտեսական տարվա 10-15 օրով ուշացմամբ, ինչպես նաեւ որոշ վայրերում գրանցված կարկտահարության դեպքերով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: