Սեպտեմբերի 21-23-ը Երեւանում առաջին անգամ կանցկացվի ռեստորանային ուտեստների եւ վարպետության դասերի քաղաքային փառատոն՝ Yerevan Food Fest: Այս մասին Banks.am-ի հետ զրույցում հայտնել է «Հարթակ ֆուդ ֆեսթի» ղեկավար Աննա Մազմանյանը: Միջոցառումն անցկացվում է «Հարթակ» փառատոնի շրջանակում, որի մի հատվածը տեղի է ունեցել հունիսի 10-11-ին Գյումրիում: «Հարթակն» անցկացվում է 2015-ից եւ իրենից ներկայացնում է փորձի փոխանակման փառատոն 4 ոլորտներում՝ ՏՏ, արվեստ, առողջ ապրելակերպ եւ սնունդ: Փորձի փոխանակումն իրականացվում է վարպետության դասերի, վորքշոփերի եւ ոչ ֆորմալ դասախոսությունների միջոցով: Աննա Մազմանյանն ասել է, որ հաշվի առնելով փառատոնի մեծ ծավալները՝ այս անգամ որոշվել է սննդի ոլորտն առանձնացնել ընդհանուր փառատոնից, որպեսզի այն ավելի արդյունավետ կազմակերպվի: Ավելին, հաշվի առնելով ամռան ամիսներին փառատոնային խիտ գրաֆիկը, որոշվել է այն անցկացնել սեպտեմբերին, որպեսզի մարդիկ ընտրության առջեւ չկանգնեն: Աննա Մազմանյանի խոսքով՝ միջոցառման առաջին երկու օրերին անցկացվելու են վարպետության դասընթացներ եւ վորքշոփեր շեֆ խոհարարների, ֆուդ-բլոգերների ու լրագրողների համար: Դասընթացները, նախատեսվում է, որ կվարեն հիմնականում արտասահմանից հրավիրված մասնագետներ: Մասնագետների ցանկն արդեն որոշված է, եւ սպասում են հաստատմանը: Փառատոնի վերջին օրը՝ սեպտեմբերի 23-ը, ամբողջությամբ կնվիրվի ռեստորաններին: Փառատոնի գլխավոր միջոցառումը կանցկացվի Անգլիական այգում: Շուրջ 30 երեւանյան ռեստորաններ հանդիսատեսի դատին կհանձնեն ոչ միայն արդեն սիրված ուտեստները, այլև փառատոնի համար կազմված հատուկ մենյուն՝ ուտեստներ, որոնք կվաճառվեն հատուկ սովորականից ավելի ցածր փառատոնային գնով։Աննա Մազմանյանը հույս է հայտնում, որ միջոցառումը կդառնա ամենամյա եւ կվերածվի փորձի փոխանակման մեծ հարթակի ռեստորանային, հյուրանոցային եւ ընդհանուր առմամբ սննդի ոլորտում աշխատող պրոֆեսիոնալների եւ սիրողականների համար, իսկ այդ օրերին Երեւանը կդառնա տարածաշրջանի գաստրոնոմիկ կենտրոն: Թեեւ վստահ է՝ միջոցառմանը ներկա կլինեն նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկներ, այնուամենայնիվ, Աննա Մազմանյանը կարծում է, որ միջոցառումն ավելի արդյունավետ կլինի հենց տեղացի պրոֆեսիոնալների համար: Միջոցառման հետագա աշխատանքները համակարգելու համար Facebook-ում բացվել է Hartak Food Fest էջը, իսկ սոցցանցերում միջոցառման պաշտոնական հեշթեգերն են՝ #TakeEatEasy, #HartakFood, #GastroYerevan: Վիկտորյա Անդրեասյան Tweet Դիտում՝ 12107