ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Վարդան Հարությունյանն ասել է, որ առաջին կիսամյակում հաջողվել է հարկային եկամուտների էական աճ ապահովել: Այս մասին Վարդան Հարությունյանն ասել է ՊԵԿ կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված ստորաբաժանումներ աշխատանքային առաջին շրջայցի ժամանակ: ՊԵԿ ղեկավարի տեղեկացմամբ՝ հարկային եկամուտներն առաջին կիսամյակում շուրջ 48 մլրդ դրամով կամ 9,8%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը: Հարկային մասով աճը կազմել է 33 մլրդ դրամ, իսկ մաքսային մասով՝ 15 մլրդ դրամ: Ընդ որում, «աննախադեպ ցուցանիշներ են արձանագրվել, մասնավորապես, հանքարդյունաբերության եւ առեւտրի ոլորտներում»:«Ամփոփելով առաջին կիսամյակի արդյունքները, արձանագրում ենք, որ դեռեւս կան ստվերում գործող հարկ վճարողներ: Այն տնտեսվարողներն, որոնք փորձում են խուսափել թափանցիկ աշխատաոճից, նրանց նկատմամբ կիրառվելու է ավելի խիստ վարչարարություն»,- հայտարարել է ՊԵԿ ղեկավարը:Նրա գնահատմամբ՝ կառուցվածքային փոփոխություններ իրականացնելը համակարգում անհրաժեշտությունն էր:«Արդյունքն արդեն տեսանելի կլինի առաջիկա ամիսներին՝ սպասարկման որակի բարձրացման եւ ստուգումների կազմակերպման տեսանկյունից եւ, ընդհանրապես, ՊԵԿ-ի գործառույթների պարզեցման առումով»,- ասել է Վարդան Հարությունյանը:Կոմիտեի ղեկավարը Վանաձորի եւ Գյումրիի ստուգումների ու սպասարկման բաժիններում ծանոթացել է նորաստեղծ կառույցների գործառույթներին, հետաքրքրվել գործընթացների պարզեցման եւ կազմակերպման ընթացքից: Նա հանձնարարել է սեղմ ժամկետներում վերանայել աշխատելաոճը, բիզնեսից եւս ակնկալելով վարքագծի էական փոփոխություն: «Բազմիցս հնչեցվել է, որ Պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի գործընկերն է, իսկ գործընկերոջը խաբելը պատվաբեր չէ: Անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարողներն արագ վերանայեն իրենց վարքագիծը եւ ինքնուրույն վերականգնեն պետությանը չվճարած հարկերը»,- նշել է Վարդան Հարությունյանը:ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաեւ նորաստեղծ՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության գործառույթներին, ինչպես նաեւ հետեւել Բավրայի նոր մաքսակետի շինարարության ընթացքին: Tweet Դիտում՝ 2840