Աստրախանում տեղի ունեցած առաջին միջազգային գաստրոփառատոնում հայկական պատվիրակությունը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Այս մասին Banks.am-ի հետ զրույցում տեղեկացրել է «Հարթակ-ֆուդ» փառատոնի ղեկավար, ֆուդ բլոգեր Աննա Մազմանյանը: «Մետաքսի մեծ ճանապարհի գաստրոնոմիկ ուղիները. ճանապարհորդություն համի ետեւից» անունը կրող միջազգային փառատոնն անցկացվել է հուլիսի 7-9-ը: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի միջազգային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) աջակցությամբ եւ նպատակ ուներ վերականգնել Մետաքսի ճանապարհի վրա ընկած երկրների կապերը գաստրոտուրիզմի եւ առեւտրի ոլորտներում: 10.02.2017 | 10:26 «Բարի ախորժակ» կամ գաստրոտուրիզմի հեռանկարները Հայաստանում Հայկական պատվիրակությունը Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ ներկայացրել են Աննա Մազմանյանը եւ երկու շեֆ խոհարար՝ Կարո Գույումջյանը եւ 21-ամյա խոստումնալից երիտասարդ Արայիկ Ամզայանը: Միջոցառման առաջին օրը տեղի ունեցած էքսպոյում հայկական պատվիրակությունը ներկայացրել է գաստրո-անկյուն՝ հայկական ուտեստները մատուցելով նոր մոտեցմամբ, իսկ արդեն երկրորդ օրը 8 երկրների (Ռուսաստանը ներկայացված էր երկու տարածաշրջանով) շեֆ խոհարարներ մրցել են ավանդական ուտեստներով: Հայկական պատվիրակության անդամ Կարո Գույումջյանը պատրաստել է ուդոլի (տոլմայի տեսակ, պատրաստվում է գառան մսով եւ չրերով), որով էլ արժանացել է հանդիսատեսի համակրանքին եւ առաջին հորիզոնականին: Ուշագրավ է, որ հաղթողը որոշվել է միջոցառմանը ներկա շուրջ 200 հյուրերի ընտրությամբ: Լուսանկարը՝ Աննա Մազմանյանի ֆեյսբուքյան էջից Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ղազախստանը, իսկ երրորդը կիսել են Ինդոնեզիան եւ Մերձվոլգյան շրջանը (Նիժնի Նովգորոդ): Աննա Մազմանյանը նշել է, որ նման միջոցառումների կազմակերպումը եւ դրանցում մասնակցությունը կարեւոր նշանակություն կարող է ունենալ Մետաքսի ճանապարհի երկրների միջեւ առեւտրային կապերի վերականգնման հարցում: Բացի այդ, այն կարող է նպաստել հայկական ապրանքանիշների արտահանման աճին եւ Հայաստանն ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար: Նշենք, որ ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներով՝ այսօր զբոսաշրջիկներն իրենց գումարների 30%-ը ծախսում են հենց ուտելիքի վրա: Վիկտորյա Անդրեասյան Tweet Դիտում՝ 2648