Առողջապահական ոլորտը որակավորված կառավարիչներ կունենա

13.07.2017 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մենեջմենթ Միքս» #Րաֆֆի Սեմերջյան
«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական ընկերության եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) միջեւ այս տարի գարնանը ստորագրված հուշագրի շրջանակում՝ 2017-2018 թթ. ուսումնական տարվանից մեկնարկում է «Բուժհաստատությունների կառավարում» (Executive MBA minor Health Care Management) կրթական ծրագիրը:

«Մենեջմենթ Միքս»-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետը Կրթության եւ գիտության նախարարության կողմից ստացել է կրթական ծրագիրն իրականացնելու համապատասխան լիցենզիա՝ Կառավարման մագիստրոս որակավորմամբ:


«Կրթությունը եւ առողջապահությունն այն գերկարեւոր ոլորտներից են, որոնք Հայաստանում զարգացման մեծ ներուժ ու բարեփոխումների անհրաժեշտություն ունեն: Այս առումով, մեկնարկող ծրագիրը միակն է եւ առաջին անգամ է իրագործվում մեր երկրում: Ծրագրի մասնակիցները պարզապես ուսանողներ չեն, այլ ընկերությունների տնօրեններ եւ ղեկավար անձիք (Executives), որոնց կշնորհվի բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան (MBA). մինչ այս ԵՊԲՀ-ում կար միայն հանրային առողջության մագիստրոսի որակավորումը»,- նշել է Րաֆֆի Սեմերջյանը՝ հավելելով, որ ծրագիրը դեռեւս լինելու է հայերեն լեզվով, իսկ հետագայում կդասավանդվի նաեւ անգլերենով՝ նախատեսված արտասահմանյան լսարանի համար։

Նրա փոխանցմամբ՝ ծրագրի տեւողությունը մեկ տարի է, ընդ որում՝ մասնակիցները հնարավորություն կունենան համատեղել MBA կրթությունն աշխատանքի հետ: Մասնավորապես, հիմնական ուսումնական գործընթացը կկազմակերպվի շաբաթական 2 անգամ՝ ուրբաթ եւ շաբաթ օրերին՝ ժամը 14:00-ից հետո:

«Բնականաբար, մեծ ուշադրություն ենք դարձնում դասախոսական անձնակազմի ընտրությանը. ծրագրի մասնակիցներին կդասավանդեն ինչպես տեղացի, այնպես էլ  արտասահմանից հրավիրված դասախոսներ, որոնց ընտրության հարցում ներկայացված են որակական բարձր պահանջներ: Դասախոսների գերակշիռ մասը հրավիրված է արտերկրից՝ բոլորը արեւմտյան առաջատար համալսարանների MBA աստիճան ունեցող մասնագետներ են եւ ունեն տարիների փորձ կառավարման ոլորտում»,- նշել է մեր զրուցակիցը:

Ծրագրին կարող են մասնակցել ինչպես բժիշկներ, այնպես էլ ոչ բժիշկներ՝ տարբեր մասնագիտությունների տեր անձիք: Դիմորդների շարքում կարող են լինել առնվազն բակալավրի աստիճան եւ 3 տարվա կառավարչական փորձ ունեցող անձիք՝ հայերենի գերազանց իմացությամբ:

Դիմումներն ընդունվում են մինչեւ օգոստոսի 25-ը՝ ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատում: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է այստեղ:
Դիտում՝ 4629
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW