Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ, 20-օրյա դասընթաց է կազմակերպել իր աշխատակիցների համար:Դասընթացի արդյունքում ձեւավորվել է արագ արձագանքման հատուկ խումբ, որն անմիջականորեն հանքի տարածքում՝ առայժմ շինարարության, ապագայում նաեւ արդյունահանման ընթացքում, պրոֆեսիոնալ մակարդակով կկանխարգելի եւ կկառավարի արտակարգ իրավիճակները: Նախարարությունում այսօր դասընթացի մասնակիցներին հանձնվել են սերտիֆիկատներ, իսկ ընկերությանը՝ շնորհակալագիր: «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը նշել է, որ դասընթացն ավելի անվտանգ է դարձնելու ոչ միայն հանքի տարածքում կատարվող աշխատանքը, այլեւ, մասնակիցների շնորհիվ, մտնելու է համայնքներ, աղետնրի ու վտանգի կանխման հիմք դառնալու, քանի որ ուսումնավարժանքների մասնակից աշխատակիցների շրջանում կան նաեւ Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչներ: «Հանքաարդյունաբերական ընկերության անբաժան մաս է կազմում արագ արձագանքման պլանը, որի պատշաճ կատարման համար պետք է ունենալ համապատասխան անձնակազմ: Նման դասընթաց կազմակերպելու մեր գաղափարը կարեւոր է ոչ միայն փորձառու մասնագետների անհրաժեշտությամբ, այլեւ նոր մշակույթի ձեւավորման տեսանկյունից»,- նկատել է Արմեն Ստեփանյանը:Արտակարգ իրավիճակների փոխնախարար Էնրիկո Ապրիամովը նշել է, որ ԱԻՆ-ի եւ «Լիդիան Արմենիա» ընկերության համագործակցության արդյունքում Ամուսլարի ոսկու հանքի տարածքում կաշխատեն արտակարգ իրավիճակների համար պատրաստված մասնագետներ եւ վստահություն հայտնել, որ ձեռք բերված գիտելիքները կկիրառվեն ըստ անհրաժեշտության:Դասընթացի մասնակիցներից՝ Գնդեվազ համայնքի բնակիչ Լեւոն Հովհաննիսյանը նշել է, որ ձեռք են բերել արտակարգ իրավիճակի արագ արձագանքման հմտություններ, այդ թվում՝ հրդեհի կառավարում, վթարի դեպքում տուժածների տարահանում, առաջին բուժօգնության եւ այլն: Տեսական մասից բացի, կազմակերպվել են թեմատիկ ուսումնական վարժանքներ եւ գործնական աշխատանքներ: ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Աթոյանը նշել է, որ «Լիդիան Արմենիա»-ի նախաձեռնությունը ողջունելի եւ օրինակելի է այլ մասնավոր ընկերությունների համար.«Անհրաժեշտության դեպքում վերապատրաստված խումբը կարող է նաեւ աշխատել ԱԻՆ համայնքային ստորաբաժանումների հետ՝ որպես արտակարգ իրավիճակների կառավարման օժանդակ կարողություն»:«Լիդիան Արմենիա»-ի եւ ԱԻՆ-ի համատեղ ջանքերով, արտակարգ իրավիճակների կառավարման հմտությունների ձեռք բերման նպատակով, ավելի վաղ վերապատրաստվել էր հանքի տարածքում բժշկական շուրջօրյա հերթապահություն իրականացնող 11 մասնագետից բաղկացած բժշկական խումբը: Tweet Դիտում՝ 2612