Նախագահը հորդորել է «պատշաճ հետեւել» ՀԱԷԿ-ի անվտանգությանը

16.06.2017 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԷԿ #Սերժ Սարգսյան #Աշոտ Մանուկյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանձնարարել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման ծրագիրը պահել մշտական հսկողության տակ եւ պատշաճ ուշադրություն հատկացնել կայանի անվտանգության բարձրացման միջոցառումների որակին։

Նախագահն այս մասին ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպմանը:

Անդրադառնալով Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ օդային գծերի կառուցման ծրագրերի ընթացքին՝ նախագահը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները, անել ամեն հնարավորը նախատեսված ծրագրերը սահմանված ժամկետում ավարտելու համար:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դրանք կարեւոր նշանակություն ունեն ինչպես Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության եւ հուսալիության, այնպես էլ տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի ներգրավվածության ապահովման գործում։

Աշոտ Մանուկյանը ներկայացրել է նաեւ էներգետիկ ոլորտի հեռանկարային (մինչեւ 2036թ. ընկած ժամանակահատվածում) զարգացման լրամշակված հայեցակարգի հիմնադրույթները։

Նախարարը զեկուցել է Հայաստանում «կանաչ էներգետիկայի» զարգացման հեռանկարների, մասնավորապես՝ արեւից, քամուց, ինչպես նաեւ կենցաղային կոշտ թափոնների վերամշակումից էլեկտրական էներգիայի ստացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, տարածաշրջանային համագործակցության հեռանկարների մասին։

Սերժ Սարգսյանը հանձնարարել է արագացնել չգազաֆիկացված բնակավայրերի տնտեսությունների կենցաղային կարիքների ապահովման այլընտրանքային տարբերակների գնահատման աշխատանքները՝ առաջնահերթ կերպով անդրադառնալով սահմանամերձ համայնքների խնդիրների արդյունավետ լուծման տարբերակներին:
Դիտում՝ 1602

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW