ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ»-ի տնօրեն Նորայր Աղայանն այսօր հուշագիր են ստորագրել: Նախարարությունում նշել են, որ փաստաթղթի նպատակը Հայաստանում արտադրվող գյուղմթերքի եւ այլ արտադրատեսակների արտահանումը եւ իրացումն է Մերձավոր Արեւելքի շուկաներում, ինչպես նաեւ «հայկական արտադրանք» ապրանքանիշի ներկայացումը եւ առաջմղումը: Սուրեն Կարայանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է, թե ինչ գործիքակազմով նախարարությունը կարող է աջակցել արտահանմանը: «Արտահանումը կարելի է իրականացնել՝ օգտվելով պետության կողմից տրամադրվող արտահանման ապահովագրությունից, ինչպես նաեւ այն ընկերություններին եւ ֆերմերներին, որոնք կմատակարարեն գյուղմթերքը, հնարավորություն կտանք օգտվելու նախաարտահանման ապահովագրությունից»,- նշել է Սուրեն Կարայանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումներ անցկացնել լոգիստիկ-տրանսպորտային ընկերությունների հետ, որոնք կարող են նվազագույն արժեքով փոխադրումներ իրականացնել դեպի Ծոցի երկրներ: Քննարկվել է նաեւ բեռնատար ինքնաթիռների միջոցով մթերքի փոխադրման հնարավորությունը: «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ծրագրում են ընթացիկ տարում առնվազն 500-600 տոննա գյուղմթերք արտահանել Ծոցի երկրների շուկաներ: «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ»-ի տնօրեն Նորայր Աղայանը նշել է, որ տեղական որակյալ գյուղմթերքի համար լավ հնարավորություններ կան՝ իրացվելու ԱՄԷ շուկայում:«Վստահ ենք, որ այս հուշագրով կարող ենք հասնել առկա խնդիրների ամբողջական լուծմանը՝ դրանով իսկ ապահովելով տեղական արտադրողի մուտքը դեպի նոր շուկա: Էմիրաթցի սպառողին հատկապես հետաքրքիր է ծնեբեկը, մրգերը՝ ծիրան, սալոր, դեղձ, կեռաս, ինչպես նաեւ բանջարեղենը՝ սեխ, ձմերուկ, քաղցր եգիպտացորեն: Մենք ունենք Էմիրություններ արտահանման փորձ, եւ այն կօգնի ապահովել իրենց չափանիշներին համապատասխանող որակյալ արտադրանքի իրացումն ԱՄԷ-ում եւ Ծոցի երկրներում»,- ասել է Նորայր Աղայանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ արտահանվող մթերքի՝ արաբական շուկայի պահանջներին համապատասխանող փաթեթավորման ապահովման տարբերակները: Tweet Դիտում՝ 3294