Հայաստանում ստեղծված Shaula International խորհրդատվական ընկերությունը կդառնա Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչը Իտալիայում:Հիմնադրամում նշել են, որ ներկայացուցիչ ընկերությունը կնպաստի Իտալիայից Հայաստան ներդրումների ուղղորդմանն ու գործարար հնարավորությունների ավելացմանը:Համապատասխան փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է այսօր՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի եւ Shaula International ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցիի կողմից: Ստորագրման արարողությանը ներկա է եղել Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլին։Shaula-ն պատրաստակամություն է հայտնել իտալական ընկերություններին ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրը, արտոնյալ առեւտրային ռեժիմները, երկու կողմերի գործարարների համար առավել ամուր գործնական կապերի հիմք ստեղծել:«Իտալական գործարար հանրության հետ պետք է բիզնեսի լեզվով խոսենք՝ իրենց գործարար կարիքներն ավելի լավ ու ամբողջական հասկանալու համար: Իտալիայում գործարար խորհրդատվական հաջողված փորձ ունեցող ընկերության հետ այս հուշագրի ստորագրումը դրա առաջին քայլն է»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը: «Մենք պատրաստ ենք ամբողջ ուժով իրագործել այս նախաձեռնությունը՝ դեպի Հայաստան ավելի շատ ներդրումներ եւ գործարարների ներգրավելու, արտահանումն ու զբոսաշրջությունը խթանելու համար»,- ընդգծել է Ֆաբիո Լենցին: Tweet Դիտում՝ 39427