«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն միացել է «ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրին, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ու «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանը մայիսի 20-ին հուշագիր են ստորագրել ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ: «Ծրագրին արդեն միացել են երեք ֆինանսական կառույցներ եւ չորս մատակարարներ: Կարծում եմ, որ թե՛մատակարարների, եւ թե՛ լիզինգատուների թիվը կավելանա, որովհետեւ պահանջարկը բավական մեծ է, եւ գյուղացիական տնտեսությունների համար տեխնիկայի ձեռքբերումը կդառնա ավելի մատչելի», – ասել է Ռոբերտ Մակարյանը: Կարեն Պետրոսյանն էլ վստահություն է հայտնել, որ ծրագիրը մեծապես կնպաստի գյուղտեխնիկայի պարկի արդիականացմանը, նոր տեխնոլոգիաների ներկրմանն ու կիրառմանը: Տեղեկացնելով, որ կազմակերպությունը հիմնականում զբաղվում է ամերիկյան John Deere ընկերության տրակտորների ներկրմամբ եւ մատակարարմամբ` նա հույս է հայտնել, որ ծրագիրը հնարավորությունը կընձեռի ավելի լայնորեն ներկայացնել ապրանքանիշը եւ ֆերմերներին ապահովել որակյալ գյուղտեխնիկայով: Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ եւ այլ գյուղատնտեսական տեխնիկա: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են՝ 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ՝ կախված տեխնիկայի տեսակից: Tweet Դիտում՝ 1819