Երեւան-Թել Ավիվ երկկողմ ավիատոմսերի գինը կսկսվի €220-ից

03.05.2017 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արմենիա» #Քաղավիացիա
«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 17-ից նախատեսում է թռիչքներ իրականացնել Երեւան-Թել Ավիվ-Երեւան ուղղությամբ: Banks.am-ը ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից եւ «Արմենիա» ավիաընկերությունից պարզել է նոր թռիչքուղու գործարկման մանրամասները:

«Արմենիա» ավիաընկերությունում նշել են, որ Թել Ավիվ-Երեւան ուղղության արժեքը կազմելու է €99, որից €49-ը տոմսի արժեքն է, €50-ը` հարկերը: Երեւան-Թել Ավիվ ուղղության դեպքում սակագինը նույնն է, իսկ հարկերը կազմում են €71:

Ընդ որում, ցածր սակագնով տոմսերը հասանելի են չվերթից 60 օր առաջ եւ ենթակա չեն հետ վերադարձի, 30 օր առաջ գործում են արդեն այլ սակագներ, չվերթից մեկ շաբաթ առաջ՝ այլ:

Մեկնարկային գինը երկու ուղղության համար կազմում է €220՝ ներառյալ 20 կգ ուղեբեռ եւ 7 կգ ձեռքի ուղեբեռ:

«Մեզ մոտ ցանկացած կանոնավոր չվերթ իրականացվում է արդեն վաղուց հաստատված գնային քաղաքականությամբ: Բոլոր չվերթների մեկնարկային գները սկսվում են €49-ին համարժեք դրամից: Որոշ դեպքերում այս արժեքը չի ներառում հարկերը»,- ընդգծել են «Արմենիա»-ում:

Ավիաընկերությունը նոր գործարկված ավիաուղին համարում է հեռանկարային` համեմատության համար նշելով, որ ներկայում Վրաստանում Թբիլիսի-Թել Ավիվ ուղղությամբ շաբաթական 7-10 չվերթ է իրականացվում:

«Երեւան - Թել Ավիվը մեծամասամբ զբոսաշրջային նշանակության չվերթ է: Այն, ինչ այսօր կարող է առաջարկել Հայաստանն Իսրայելի բնակչին, բացառիկ է. օրինակ` իսրայելցի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում էքստրեմալ տուրիզմը: Այս ուղղությամբ արդեն իսկ մի շարք ավիաընկերություններ առաջարկություններ են արել տեղի զբոսաշրջային կառույցներին՝ համատեղ ծրագիր մշակելու եւ այն Իսրայելին ամբողջական փաթեթով ներկայացնելու համար»,- նշել են «Արմենիա»-ում:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունում եւս մեծ սպասելիքներ ունեն նոր չվերթների գործարկումից:

«Գործընկերներ պետությունների հետ կապող ուղիղ օդային փոխադրումները նպաստում են ՀՀ ուղեւորահոսքի, թռիչքների հաճախականության եւ դեպի ՀՀ զբոսաշրջության աճին, ինչն էլ իր հերթին իր դրական ազդեցությունն է ունենում երկրի ՀՆԱ-ի աճի վրա»,- նշել են Քաղավիացիայում:

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի տրամադրած վիճակագրության համաձայն` 2014-ին Իսրայելից Հայաստան է ժամանել 4807, 2015-ին՝ 5726 ուղեւոր, իսկ 2016-ին՝ 5124 ուղեւոր:
Դիտում՝ 9312
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW