ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է վարկային պարտավորությունները վաղաժամկետ մարելու դեպքում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկառուների նկատմամբ կիրառվող տույժ-տուգանքների խնդրին: «Մենք ունենք բազմաթիվ դիմումեր, որ բանկերը, վարկային կազմակերպությունները համապատասխան վարկային պարտավորությունը վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառում են տույժեր կամ տուգանքներ: Նման մեխանիզմը, չնայած իր հնարավոր առավելություններին, այդուհանդերձ, բեռ է դառնում մեր համաքաղաքացիների եւ նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար: Կարծում եմ՝ մենք այստեղ բան ունենք անելու. միգուցե անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա:ԿԲ նախագահն էլ նշել է, որ երկարաժամկետ վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տույժերի կիրառումը միջազգային պրակտիկա է: Այդուհանդերձ, արդեն որոշակի փոփոխություններ կատարվել են գործող օրենսդրությունում: Բացի այդ, հիփոթեքային վարկավորման ուղղությամբ իրենք ներկայացրել են որոշակի փոփոխություններ, որոնք դեռեւս քննարկվում են խորհրդարանում: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է ԿԲ-ի հետ «համատեղ քննարկել այս ուղղությամբ անելիքներն ու կարգավորել նշված հարցադրումները»: Tweet Դիտում՝ 3125