Վարկային կազմակերպությունների միությունն ամփոփել է 2016-ը

07.04.2017 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարկային կազմակերպությունների միություն #ՎԿՄ #Լուիզա Իգրարյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարկային կազմակերպությունների միության (ՎԿՄ) Ընդհանուր ժողովի տարեկան նիստը:

Միությունում նշել են, որ ժողովին մասնակցել են նաեւ ներկայացուցիչներ ՀՀ Կենտրոնական բանկից, այլ վարկային կազմակերպություններից, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, Բանկերի միությունից, Գերմանական խնայբանկեր հիմնադրամից եւ համագործակցող այլ կառույցներից:

ՎԿՄ նախագահ Լուիզա Իգրարյանը, բացելով ժողովը, շնորհակալություն է հայտնել միության բոլոր անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի շնորհիվ «բարձրաձայնվել եւ լուծում են ստացել ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ»:

ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն ընթերցել է ՀՀ ԿԲ նախագահի ուղերձը՝ ուղղված Վարկային կազմակերպությունների միությանը՝ կարեւորելով ֆինանսական համակարգի կայունացմանն ուղղված յուրաքանչյուր կառույցի կայացումն ու զարգացումը:

Միության գործադիր տնօրենի ժ/պ Խորեն Քերոբյանը հյուրերին ներկայացրել է նախորդ ամիս ՎԿՄ-ում կայացած նախագահի ընտրության արդյունքները, համաձայն որի՝ միության նախագահ է վերընտրվել Լուիզա Իգրարյանը:

Միության անդամ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ ՎԿՄ-ն մինչ այսօր ստեղծել է ամուր հիմքեր եւ ձեռք է բերել արժեքներ, որոնք պետք է պահպանվեն եւ ավելի արմատավորվեն: Նրանք վստահություն են հայտնել, որ կատարված լայնածավալ աշխատանքները շարունակվելու են՝ վարկային կազմակերպությունների ձայնն առավել միասնական եւ ուժեղ դարձնելու համար:

ՎԿՄ ծրագրերի ղեկավար Լենա Մամիկոնյանը ներկայացրել է 2016թ. միության կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաեւ ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը:

Նա ընդգծել է, որ միությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում ԿԲ-ի եւ այլ պետական մարմինների հետ, որի արդյունքում իր անդամների կողմից բարձրացված բազմաթիվ առաջարկներ տեղ են գտնում ֆինանսական ոլորտին վերաբերվող օրենսդրական բարեփոխումներում:

Ներկայացվել են նաեւ միության համագործակցության արդյունքները տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ, որի արդյունքում հնարավոր է լինում իրականացնել պատասխանատու ֆինանսներին եւ ֆինանսական ներգրավվածությանը նպաստող մի շարք ծրագրեր, մասնագիտական դասընթացների միջոցով բարձրացնել անդամ կազմակերպությունների մասնագետների որակավորումը:

ՀՀ ՎԿՄ-ն հիմնադրվել է 2008թ.՝ նպատակ ունենալով նպաստել ՀՀ ֆինանսավարկային համակարգի զարգացմանը՝ վարկային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական եւ արդյունավետ կիրառման միջոցով: Միությանը ներկայում անդամակցում է 11 վարկային կազմակերպություն:

ՎԿՄ հիմնական նպատակն է ԿԲ-ում, կառավարությունում, պետական եւ ոչ պետական այլ մարմիններում, ինչպես նաեւ միջազգային կառույցներում ներկայացնել եւ առաջխաղացնել իր անդամների ընդհանուր խնդիրներն ու շահերը:

Միությունը համագործակցում է տեղական եւ միջազգային մի շարք կառույցների հետ, անդամակցում միջազգային SEEP Network ցանցին եւ Social Performance Task Force նախագծին:

Դիտում՝ 3053
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW