ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում մի շարք հանձնարարականներ է տվել՝ ուղղված Սեւանա լճի ու հարակից տարածքների տնտեսական զարգացմանը:Կառավարության ղեկավարի խոսքով՝ «Սեւանա լիճն ու հարակից տարածքներն ունեն ոչ միայն բնապահպանական ու սոցիալ-տնտեսական նշանակություն, այլեւ լուրջ տնտեսական ներուժ, հատկապես՝ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, սակայն ոչ արդյունավետ են օգտագործվում»:«Սեւանա լճի ողջ տարածքում ստեղծելու ենք հատուկ հարկային տարածք, որտեղ, պրոգրեսիվ հարկերով ակտիվներ ունեցողներին դրդելու ենք, որ գործ անեն: Մեծ ներուժ ունենք, որին համապատասխան չենք վերաբերվել. պետք է համապատասխան պայմաններ ստեղծենք, որ արդյունք ունենանք»,- ասել է Կարեն Կարապետյանը:Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին հանձնարարվել է շահագրգիռ մարմինների հետ համատեղ երկամսյա ժամկետում քննարկել եւ կառավարությանը ներկայացնել «Գեղարքունիքի մարզի 2017-2020 թթ. զարգացման ռազմավարության» նախագիծը՝ ներառելով տնտեսական բաղադրիչն ու Սեւանա լճի բացառիկ դերն ու նշանակությունը:Ֆինանսների նախարարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում կառավարությանը ներկայացնել «Սեւան» ազգային պարկի տարածքում տնտեսական գործունեություն իրականացնելու համար հատուկ կարգավիճակի վերաբերյալ առաջարկներ՝ նախատեսելով հարկային քաղաքականության ճկուն մոտեցում:Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել առաջարկություններ՝ «Սեւան» ազգային պարկի տարածքում զբոսաշրջության զարգացման հատուկ ծրագրի եւ գործողության պլանի վերաբերյալ:Բնապահպանության նախարարությունն էլ երկամսյա ժամկետում կմշակի եւ կառավարության աշխատակազմին կներկայացնի Սեւանա լճում ձկնային ռեսուրսների վերականգնման եւ կայուն օգտագործման գործողությունների պլան, ինչպես նաեւ առաջարկություն կներկայացնի «Սեւան» ազգային պարկի հիման վրա կենսոլորտային արգելոց ստեղծելու մասին:Գեղարքունիքի մարզպետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում քաղաքաշինության պետական կոմիտեին ներկայացնել ներդրումային ծրագրեր իրականացնելու համար նպատակային գոտիների եւ դրանց փաստացի իրավիճակի մասին տեղեկատվություն: Քաղաքաշինության կոմիտեին էլ հանձնարարվել է ներկայացնել առաջարկությունˋ «Սեւան» ազգային պարկի կենտրոնական գոտում ներդրումային ծրագրերի իրականացման նպատակային գոտիների առանձնացման վերաբերյալ: Tweet Դիտում՝ 1820