Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը եւ Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը նախօրեին համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացմանը եւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրմանը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած այցի շրջանակում: «Ուրախ ենք համագործակցել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ, որի միջազգային փորձը ներդրումային փոխգործակցության ոլորտում հայ-ռուսական համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ կարեւոր է։ Վստահ ենք, որ մեր համատեղ ներդրումները կխթանեն Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսության հետագա ինտեգրումը, առեւտրաշրջանառության աճը եւ երկու երկրներ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը»,- ասել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրեւը եւս ողջունել է հիմնադրամի ստեղծումը: «Հայաստանը Ռուսաստանի կարեւոր առեւտրատնտեսական գործընկերն է, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։ Ստեղծվելիք հիմնադրամը կնպաստի մեր երկրների տնտեսության հետագա զարգացմանը տարբեր նախագծերի իրականացման շնորհիվ այնպիսի գերակա ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրությունը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքները»,- ասել է Կիրիլ Դմիտրեւը: Tweet Դիտում՝ 932