Հայաստանի գյուղական համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով կստեղծվի շրջանառու ֆոնդ՝ շուրջ 40 մլն դրամի չափով։ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այդ նպատակով առաջիկայում կմեկնարկի փորձնական ծրագիր՝ Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքում։ Կառավարության որոշմամբ՝ արդեն հաստատվել է համայնքին արեւային ջրատաքացուցիչներ տրամադրելու եւ բնակչությանը տաք ջրով ապահովելու աջակցության ծրագիրը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխացմամբ՝ ծրագրի գաղափարն այն է, որ յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվելու է արեւային ջրատաքացուցիչների համակարգ, որը թույլ կտա ամբողջությամբ ապահովել կենցաղային տաք ջրի պահանջարկը։ Փոխնախարարն ընդգծել է, որ քանի որ արեւային ռեսուրսն անվճար է, եւ ներդրումը ներառում է միայն սարքի արժեքը, առաջարկվում է ստեղծվող շրջանառու ֆոնդում կուտակել խնայողությունների արդյունքում վերադարձված գումարները։ «Խնայողությունները կգոյանան էլեկտրաէներգիայի եւ գազի սպառման կտրուկ նվազումից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այդ տաք ջրի ստացումը կազմակերպվում էր հոսանքով կամ գազով։ Համայնքը հետագայում շրջանառու ֆոնդում կուտակված միջոցները կուղղի այդ նույն ընտանիքներում նմանատիպ էներգաարդյունավետ այլ ծրագրերի իրականացմանը։ Օրինակ՝ կարող է տեղադրվել արեւային ֆոտովոլտային տեղակայանք, կենսագազի արտադրություն, պասիվ ջերմատներ, բիովառելիք օգտագործող պիռոլիզային վառարաններ եւ այլն»,- նշել է Հայկ Հարությունյանը։Փոխնախարարի խոսքով՝ նմանատիպ ծրագրեր նախատեսվում են առաջնահերթորեն իրականացնել հիմնականում չգազաֆիկացված համայնքներում։ Tweet Դիտում՝ 2335