Հայբիզնեսբանկը կհամագործակցի Բնության համաշխարհային հիմնադրամի հետ

03.03.2017 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վայք քաղաքում կայացել է Հայբիզնեսբանկի, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի եւ Վայոց Ձորի համայնքների ներկայացուցիչների հանդիպումը՝ «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի շրջանակում:

Բանկում նշել են, որ ծրագրի նպատակը կովկասյան էկոտարածաշրջանում բնության հատուկ պահպանվող տարածքների, արոտավայրերի, վայրի կենդանիների ապրելավայրերի ու անտառի կայուն կառավարումն է, ինչպես նաեւ էկո, ագրո եւ գինու զբոսաշրջության քաջալերումը:

Ծրագրի նախաձեռնողների կողմից Հայբիզնեսբանկը՝ առաջարկվող ծառայությունների լավագույն պայմաններով ու սակագներով, ընտրվել է որպես գործընկեր՝ համապատասխան ֆինանսական միջոցները թափանցիկ հաշվետվողականությամբ շահառուներին ժամանակին եւ պատշաճ կարգով տրամադրելու համար:

«Բնության համաշխարհային հիմնադրամը Կովկասը համարում է կենսաբազմազանության առումով նշանակալից կարեւորություն ներկայացնող էկոտարածաշրջան, իսկ հիմնադրամի տեսլականն է՝ պահպանել Հայաստանն առողջ ու գեղեցիկ ներկա եւ ապագա սերունդների համար»,- ընդգծել են բանկում:

Ծրագրի առաջնահերթություններն են՝ հայկական հատուկ նշանակություն ունեցող կենդանիների՝ բեզոարյան այծերի, հայկական մուֆլոնների, գորշ արջերի եւ կովկասյան ընձառյուծների պահպանումն ու տարածաշրջանի համայնքներում առկա այլ խնդիրների լուծումները մեկ ամբողջության մեջ դիտարկելը:

«Հայբիզնեսբանկը, արժեւորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքները, ինչպես նաեւ ՀՀ մարզերում զբաղվածության մակարդակի բարձրացումը, մշտապես կարեւորում է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը եւ այս անգամ էլ պատրաստակամություն է հայտնել զորավիգ լինել Վայոց Ձորի մարզում բնապահպանական ծրագրի իրականացմանը՝ միաժամանակ նպաստելով տնտեսական ակտիվության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 6412

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW