Ստանդարտների ազգային ինստիտուտը՝ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ «Համազգային վստահության» խորհրդի հետ համատեղ, որակի ապահովման մրցանակներ է շնորհել մի շարք կազմակերպությունների: Միջոցառմանը ներկա են եղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը, Ռուսաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման եւ համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լոցմանովը, Եվրոպական ստանդարտացման կոմիտեի (CEN) փոխնախագահ, Սլովենիայի ստանդարտացման ինստիտուտի (SIST) նախագահ Բոգդան Տոպիչը:Ինչպես նշել է «Համազգային վստահության» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը, մրցանակաբաշխության օրվա (մարտի 3) ընտրությունը պայմանավորված է հանրապետությունում Գործարարի օրվա ավանդույթի ներդրման անհրաժեշտությամբ եւ նպատակ է հետապնդում խթանել հայրենական արտադրության մասնակցությունը ստանդարտացման աշխատանքներին:Էմիլ Տարասյանը նշել է, որ մրցանակի արժանացած ընկերությունները չեն բավարարվել միայն որակի ապահովման բնագավառում նորմատիվ փաստաթղթերի ապահովմամբ, այլեւ գործել են միջազգային ստանդարտներին համապատասխան: «Այս ընկերություններն ապահովում են բարձր որակ, ինչը նրանց էլ ավելի մրցունակ է դարձնում: Որդեգրելով ներքին կորպորատիվ մշակույթ` նրանք քաղաքացիներին մատուցում են բարձրորակ ծառայություններ, ինչը թե´ տնտեսության, թե´ հասարակության զարգացման կարեւորագույն գրավականներից է»,- նշել է նա:Արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակելի արդյունքների համար կառավարության կողմից մրցանակներ են ստացել հետեւյալ ընկերությունները` «Բարի Սամարացի», «Ջերմուկ Գրուպ», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Թիվ 8 պոլիկլինիկա», «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» եւ «ՀԱԼԴԻ Քոնսալթ»:«Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ի եւ «Համազգային վստահության» խորհուրդի կողմից որակի ապահովման մրցանակներ են ստացել եւս 25 ընկերություններ, այդ թվում՝ Երեւանի Կոնյակի Գործարանը, Beeline-ը, Հարավկովկասյան երկաթուղին: Tweet Դիտում՝ 3913