Ապրիլի վերջին հայաստանյան սպառողը հնարավորություն կունենա մանրածախ շուկայից գնել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում արտադրված եւ փաթեթավորված հայկական հնդկաձավարը:Ինչպես հայտնել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Իգնատի Առաքելյանի նախօրեին Գեղարքունիքի մարզ կատարած այցելության շրջանակում եղել է Ծովագյուղ համայնքի ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված հնդկացորենի վերամշակման գործարանում: 2015-ից մարզում ENPARD-ի շնորհիվ ստեղծվել են 5 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են հնդկացորենի մշակությամբ, եւ հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում: Նախարարի գնահատականով` ծրագիրը բավական հետաքրքիր է եւ հնարավորություն կտա ներմուծումը փոխարինել տեղական արտադրանքով: Իգնատի Առաքելյանը հավաստիացրել է, որ պահանջակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո կառավարությունը, ծրագրի շարունակականությունն ապահովելու եւ ընդլայնելու նպատակով, կքննարկի հնդկացորենի արտադրության համար հատուկ պարարտանյութերի եւ սերմացուի սուբսիդավորման հարցը: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ նշել է, որ կառավարության աջակցության պարագայում հնդկացորենի արտադրությունը մարզում զարգացման մեծ հեռանկարներ կարող է ունենալ, եւ ցանքատարածությունները կհասնեն մինչեւ 1000 հեկտարի: Tweet Դիտում՝ 14907