Ալեքսանդր Խաչատուրյան. Փորձում ենք հնարավորինս քիչ ծախսել բյուջեից

28.02.2017 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն նախօրեին ֆեյսբուքյան ասուլիս է տվել, որի ընթացքում պատասխանել է նաեւ տնտեսության վերաբերյալ մի շարք հարցերի: Ստորեւ Banks.am-ն առանձնացրել է ոլորտին առնչվող առավել հետաքրքրական պատասխանները:

*****

Գյուղատնտեսական ապահովագրությունը բարդ, կոմպլեքս ոլորտ է, որտեղ բազմաթիվ վերլուծությունների եւ հաշվարկների անհրաժեշտություն կա: Ներկայում աշխատում ենք գյուղապահովագրության պիլոտային ծրագրի վրա, հուսով եմ` 2017թ. ընթացքում պիլոտային ծրագիրը կմեկնարկի:

*****

Բնակչության համար վարկերի համաներում իրականացնելուն այնքան էլ համաձայն չեմ: Նման քայլը կարող է չարաշահումների տեղիք տալ: Ինչպես ենք որոշելու` որ ընտանիքին ներենք $2000-3000 վարկը, որին` ոչ: Եվ, ամենակարեւորը՝ ո՞ւմ հաշվին է այն իրականացվելու, որովհետեւ եթե այդ համաներումը բանկերի գրպանից լինի, այն ինչ-որ ձեւով ինկորպորացվելու է մյուս հաճախորդների վրա: Բանկը մասնավոր բիզնես է, եւ իրենք այդ գործունեությունն իրականանցում են որոշակի հաշվարկներով, ունեն ներդրողներ:

*****

Ինչքան գիտեմ` Paypal-ը մի քանի փորձ արել է Հայաստան «մտնելու» համար, բայց այն մասնավոր ընկերություն է, իրենք են որոշում` հասանելի դարձնել հարթակը Հայաստանի համար, թե` ոչ: Թե ինչ տնտեսական հաշվարկներ են Հայաստան չգալու հիմքում ընդունել, ցավոք, չեմ կարող պատասխանել. այդ պատասխանը մեզ էլ չի հասել: Որոշ քաղաքացիներ առաջարկում էին փորձել հայկական ինտեգրված ալտերնատիվ համակարգներ մշակել: Paypal-ն ամենալավն է, քանի որ ամենատարածվածն է, բայց սա է իրականությունը, մենք, ցավոք, ինտեգրված չենք որոշակի ֆինանսական հարթակներին՝ մեզանից անկախ պատճառներով:

*****

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը կոչված չէ փոխարինելու պետական մարմիններին. նրա դերը ծառայություններ մատուցելն է: Կենտրոնի գործառնական ծախսերի մի մասն է պետբյուջեի հաշվին, մյուս մասը մասնավոր ներդրումների հաշվին է լինելու: Մենք փորձում ենք հնարավորինս քիչ ծախսել պետական ռեսուրսները եւ օգտագործել դոնորերի եւ մասնավորի տրամադրած գումարները:

*****

Հարկային տեսուչների կողմից չարաշահում նկատելու դեպքում, ակնկալում ենք, որ տնտեսվարողները կտեղեկացնեն մեզ, քանի որ դրա դեմ պայքարելու որեւէ այլ արագ մեխանիզմ չկա: Որպես խորհրդական` բազմաթիվ նման դեպքերի ականատես եմ եղել, եւ հարցը կարգավորվել է: Կենտրոնի գործերից մեկը լինելու է հարկային եւ մաքսային վարչարարության բարելավումը եւ այդ ուղղությամբ եւս աշխատանքներ են կատարվելու:

Ընդհանուր քաղաքականությունը հետեւյալն է. պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պետք է կանգնի պարտաճանաչ հարկատուների կողքին եւ նրանց աջակից լինի, իսկ նրանք, ովքեր խախտում են օրենքը, հարկերը չեն վճարում կամ անբարեխիղճ են, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Այս գաղափարախոսությանը համահունչ ՊԵԿ-ը հրապարակել է 20 բարեխիղճ հարկատուների ցուցակը, եւ սա դեռ առաջին քայլն է: Բանկային համակարգին հորդորել ենք օրինական հարկատուներին ավելի ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրել, քանի որ մոնիտորինգի եւ որոշում կայացնելու ծախսերն ավելի քիչ են թափանցիկ գործընկերների դեպքում:

Դիտում՝ 7593
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW