Հայաստանում գյուղապահովագրության պիլոտային ծրագիր կիրականացվի

02.12.2016 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ասել է, որ Հայաստանում առաջիկա տարիներին գյուղատնտեսության ապահովագրության ինստիտուտ կներդրվի:

Այս մասին փոխնախարարն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ներկայացնելով ոլորտի հիմնախնդիրները, ձեռքբերումներն ու անելիքները:

«Հաշվի առնելով գյուղապահովագրության ներդրման դժվարությունները` մենք շուրջ 2 տարի աշխատել ենք գերմանական KfW բանկի հետ: Արդյունքում, 2017թ. սկսելու ենք համապատասխան պիլոտային ծրագրի մշակումը: Նախնական համաձայնություններով` այն ֆինանսավորվելու է KfW-ի եւ ՀՀ կառավարության միջոցների հաշվին»,- ընդգծել է փոխնախարարը:

Արմեն Հարությունյանի խոսքով` ծրագիրն ուղղված է լինելու շահութաբեր տնտեսությունների ապահովագրությանը: Առաջին փուլում համատարած գյուղատնտեսական հաշվառման արդյունքների հիման վրա տարբերակվելու են փոքր, միջին եւ խոշոր տնտեսությունները, ըստ այս կատեգորիաների էլ որոշվելու են սուբսիդավորման ձեւաչափերը:

Ապահովագրությունն իրականացվելու է 5 հիմնական գյուղատնտեսական ռիսկերից. այս պահի քննարկվում է կարկտահարության, ցրտահարության, երաշտի, հողմի եւ ջրհեղեղի դեմ ապահովագրությունը:

Քննարկման գործընթացում է նաեւ այն հարցը, թե որ մշակաբույսերի համար են մշակվելու ապահովագրական պրոդուկտները:  Փոխնախարարի պնդմամբ` միանշանակ ներառված է լինելու ծիրանը:

Պիլոտային ծրագրի շուրջ աշխատանքներն իրականացվելու են KfW-ի, ՀՀ Կենտրոնական բանկի եւ գյուղնախարարության համատեղ ուժերով:

Ապահովագրությունն իրականացվելու է հետեւյալ սխեմայով` մշակվելու է ապահովագրական գործիք, որը վաճառվելու է ապահովագրական ընկերությունների կողմից: Վերջիններս վերաապահովագրելու են իրենց ռիսկերը: Լինելու է նաեւ միջնորդ կառույց, որը գնահատելու է ապահովագրական դեպքերի հետեւանքով առաջացած կորուստերը:

Միաժամանակ, գործիքը մշակվելու է այնպես, որ ապահովագրական ընկերության համար լինի գրավիչ, գյուղացու համար` մատչելի, իսկ տարբերությունը սուբսիդավորվելու է:

Ծրագիրը սկզբում լինելու է պիլոտային, նախապատրաստական աշխատանքները, այդ թվում` օրենսդրական, նախատեսվում են հաջորդ տարի. հնարավոր է` 2017թ. վերջին սկսվի բուն ապահովագրության ծրագրի մի փոքր մասը:

Անդրադառնալով գյուղոլորտում տարբեր դոնորների կողմից տրամադրվող դրամաշնորհներին՝ փոխնախարարը նշել է, որ առկա է շահառուների իրազեկման խնդիր:

Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ հաջորդ տարվա ծրագրով նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային շտեմարան, որտեղ կներկայացվի դրամաշնորհների եւ ֆինանսավորման այլ ծրագրերի մասին ամբողջ տեղեկատվությունը:

Դիտում՝ 4431
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai