ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է խիստ քայլեր ձեռնարկել ապօրինի ջրօգտագործողների դեմ: ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում կադաստրային եւ փաստացի ոռոգելի հողատարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքում կատարել ուսումնասիրություն եւ ներկայացնել վերլուծությունˋ շեղման պատճառների վերաբերյալ:«Նախկինում հանձնարարել էինք կատարել կադաստրային, պլանային եւ փաստացի ոռոգվող հողատարածքների համադրություն եւ վերլուծություն, քանի որ Ջրային կոմիտեի եւ համայնքների վիճակագրությունը տարբեր են, եւ կան անթույլատրելի թվեր»,- ասել է Կարեն Կարապետյանը: Ջրբացթողումների ընթացքում ջրակորուստից խուսափելու նպատակով կառավարության ղեկավարը վերոնշյալ կառույցների ղեկավարներին հանձնարարել է մինչեւ Սեւանա լճից ջրի բացթողումը սկսելը համակարգից օրինական դաշտ բերել ապօրինի ջրօգտագործողների, եթեˋ ոչ, ապա փակել ջրառի կետը:Վարչապետն առաջարկել է խնդրի կարգավորման աշխատանքներում ներգրավել նաեւ «Սեւան լճի հիմնահարցերի հանձնաժողով»-ին: Tweet Դիտում՝ 2332