«Երեւանին պետք են երկարատեւ փողեր»,- ասել է վարչապետը

22.02.2017 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երեւանի քաղաքապետին առաջարկել է համատեղ քննարկել քաղաքի զարգացման ծրագրերը, ձեւավորել բյուջեն եւ ըստ այդմ՝ որոշել հետագա քայլերը:

Այս մասին վարչապետն ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրի արդյունքների քննարկման ժամանակ:

«Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր փողը քիչ է, բայց եկեք ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքն ու ըստ այդմ շարժվենք առաջ: Մեզ պետք է ուղղակի 10, 15 տարվա հորիզոն ունենալ, երկարատեւ փող բերել եւ կարեւոր խնդիրները ֆունդամենտալ լուծել», - ասել է Կարեն Կարապետյանը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երեւանի զարգացման քառամյա ծրագիրը հաջող ավարտին է հասցվում:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն էլ նշել է, որ արդյունավետ գործում է «մեկ պատուհան» ծառայությունը, նվազել են շինարարական թույլտվությունների համար սահմանված տուրքերը, կրճատվել է շինարարական փաստաթղթերի տրամադրման ժամկետը, գործարկվել է էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգը:

Ներկայացնելով Երեւանի բյուջեի եկամուտների դինամիկան՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ 2013-2016 թթ. քաղաքի սեփական եկամուտներն աճել են 16,4 տոկոսով կամ շուրջ 3 մլրդ ՀՀ դրամով։ 2017թ. կանխատեսվում են շուրջ 171 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ: Բացի այդ, ներդրումային միջավայրի աշխուժացման նպատակով քաղաքապետարանը հրապարակել է 45 ներդրումային առաջարկ:

Վարչապետի հարցին՝ արդյոք ֆինանսական հոսքերի կանխատեսելիությունը հնարավորություն կտա՞ քաղաքում էական բարեփոխումներ իրականացնելու բեռը վերցնել, Վահե Նիկոյանը պատասխանել է, որ, օրինակ, հանրային տրանսպորտի եւ վերելակային տնտեսության բարեփոխման ծրագրերը մոտավոր գնահատմամբ արժենալու են շուրջ 200 մլն դոլար, եւ համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում վարկունակության ռեզերվը կմեծանա, հնարավոր կլինի այդ բեռը վերցնել:

«Պետք է մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվարկենք. օրինակ, եթե մասնավորի հետ երկարատեւ պայմանագիր ենք կնքում, եթե ինքը կարողանում է իր տան փողը, բանկի փողը ներդնել LED-ի մեջ ու եթե այդ LED-ի էֆեկտը տարածենք ամբողջ քաղաքում, ինքն էֆեկտիվ է կառավարելու»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կարեւորելով Երեւանում շինարարության ակտիվացումը՝ վարչապետն ասել է.

«Պետք է փորձենք հնարավորինս աջակցել, որպեսզի քաղաքի շինարարությունն աշխուժացնենք, եւ քաղաքապետարանի թիմը պետք է մասնակից լինի ներդրողների ներգրավման գործին»:

Խոսելով Երեւանը զբոսաշրջային առումով առավել հետաքրքիր դարձնելու մասին՝ վարչապետն առաջարկել է, բացի նախատեսվող միջազգային փառատոններից եւ մշակութային միջոցառումներից, մշակել այնպիսի ծրագիր, որը կխթանի ներգնա տուրիզմը:

«Պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն քանակին, այլեւ բովանդակությանը, քաղաքացու պահանջարկին եւ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներին»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ առաջարկելով ակտիվ համագործակցել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

Վարչապետը բարձրացրել է նաեւ Երեւանի որոշ փողոցների արտաքին տեսքի պատշաճության եւ ներկայանալիության ապահովման հարցը:

Դիտում՝ 3097
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW