Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր ասել է, որ 2017-ին Հայաստանում կիրականացվի $105 մլն արժողությամբ շուրջ երեք տասնյակ կառուցապատման ծրագիր:Լրագրողների հետ հանդիպմանը Նարեկ Սարգսյանը մանրամասնել է, որ ծրագրերի ներդրողների շուրջ 53%-ը տեղացի է, մյուս մասը՝ արտասահմանից:Կոմիտեի նախագահը նշել է, նշված ծավալով ներդրման կեսը կտրամադրվի բնակարանաշինությանը, մյուս մասըˋ հյուրանոցային համալիրների ու այլ շինությունների կառուցմանը: Նարեկ Սարգսյանը նշել է, որ ծրագրերից մեկով նախատեսվում է քանդել կայարանամերձ Սասունցի Դավթի հրապարակում կիսավարտ շինությունը:«Շինությունն ամբողջովին կքանդվի, եւ այս տարի կսկսվեն հողային աշխատանքները: Այդտեղ կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային եւ գրասենյակային համալիր: Ներդրողի հետ քննարկում ենք նաեւ «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի վերակառուցման հարցը»,- ասել է նա:Տարվա երկրորդ տեսին նախատեսվում է մեկնարկել նաեւ 33 թաղամասի շինարարությունը, որի շրջանակում կքանդվի «Ֆիրդուսի շուկան» ու հարակից շինությունները: Քննարկվում է նաեւ Կոնդ թաղամասի մի հատվածի վերականգնման նախագիծը:Նարեկ Սարգսյանը նշել է, որ ներդրողի կողմից առաջարկ են ստացել Ամիրյան փողոցը Կոնդին կապող նոր ճանապարհի ստեղծման վերաբերյալ, ինչը թույլ կտա Սարյան փողոցը հատելուց հետո ուղիղ ճանապարհ բացել դեպի Կոնդ: Ընթացիկ տարում նախատեսվում է նաեւ Փարաքարից օդանավակայան տանող ճանապարհի վրա նոր էստակադա կառուցել, ինչը կհեշտացի եւ կարագացնի դեպի օդանավակայան ճանապարհը:Անդրադառնալով մարզերի ծրագրերինˋ Նարեկ Սարգսյանը նկատել է, որ Գյումրիում նախատեսվող խոշոր ծրագրից բացի, ակտիվություն է նկատվում Աշտարակում:Կոմիտեն նախագիծ ունի նաեւ Ջերմուկի ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ. նախատեսվող առողջարանային համալիրի շինարարությունից բացի, առաջարկ կա այլընտրանքային ճանապարհ բացել դեպի Ջերմուկ, ինչը զբոսաշրջիկների լրացուցիչ հոսք կարող է ապահովել:«Առաջարկում ենք Վայք-Գնդեվազ-Ջերմուկ ուղղությանը զուգահեռ, Սիսիան տանող ճանապարհի կողմից, «Հյուսիս-հարավ» ճանապարհից 25 կմ երկարությամբ նոր ճանապարհային մուտք բացել դեպի Ջերմուկ, ինչը կլինի քաղաքաշինության կարկասի կատարելագործման եւ ռազմավարական նշանակության կարեւոր քայլ»,- ասել է Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ նախնական հաշվարկով ճանապարհի շինարարության համար անհրաժեշտ է $11 մլն ներդրում: Tweet Դիտում՝ 2365