Transparency International-ն այսօր հրապարակել է 2016թ. կոռուպցիայի ընկալման 22-րդ վարկանիշը, որտեղ Հայաստանը 33 միավորով 176 երկրների ցանկում զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը: Համեմատության համար նշենք, որ անցած տարի Հայաստանը 35 միավորով 168 երկրների շարքում զբաղեցրել էր 95-րդ հորիզոնականը: 2014թ. այն ստացել էր 37, իսկ 2013թ.՝ 36 միավոր:«Նկատի ունենալով Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթվի համար հաշվարկված վիճակագրական սխալի չափը (4.01), կարելի է պնդել, որ 2015թ. համեմատ՝ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2016թ. մնացել է մոտավորապես նույնը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Մյուս կողմից, նա ընդգծել է, որ վերջին երեք տարիներին կոռուպցիայի ընկալման ցուցանիշները Հայաստանում մտահոգիչ են, քանի որ միավորների բարելավման միտումներ չեն նկատվել:Transparency International-ի հրապարակած վարկանիշում երկրները դասակարգվում են 0-ից 100 միավորային համակարգում, որտեղ 0-ն արտահայտում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր, իսկ 100-ը՝ ամենացածր մակարդակը:Վարկանիշում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Դանիան (90 միավոր), Ներ Զելանդիան (90) եւ Ֆինլանդիան (89): Կոռուպցիայի ընկալման համաթիվն ամենաբարձրը Սոմալիում է (10 միավոր), Հարավային Սուդանում (11) եւ Հյուսիսային Կորեայում (12): Տարածաշրջանի երկրներից ամենաբարենպաստ դիրքում Վրաստանն է, որը 57 միավորով հայտնվել է 44-րդ հորիզոնականում: Թուրքիան 41 միավորով 75-րդն է, Ադրբեջանը՝ 123-րդը (30 միավոր), Իրանը՝ 131-րդը (29 միավոր):Բելառուսն այս տարի ստացել է 40 միավոր՝ նախորդ տարվա 32-ի փոխարեն: Ռուսաստանը եւ Ղազախստանը ստացել են 29 միավոր: Tweet Դիտում՝ 15347