«Էներգետիկայի շաբաթ»-ը նոր ներդրողներ կբերի Հայաստան

23.01.2017 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հունվարի 25-27-ը Երեւանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարքը, որոնցով ցույց կտրվի Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի վերջին զարգացումներն ու առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորություններն ու հեռանկարային ծրագրերը, ինչպես նաեւ տեխնոլոգիական եւ ինժեներական լուծումները:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ համաժողովին զուգահեռ կգործի ոլորտային ցուցահանդես, որին կմասնակցի 28 ընկերություն: Դրանք, մասնավորապես, կներկայացնեն ջերմամեկուսիչ նյութերի, լուսավորության, ջեռուցման էներգաարդյունավետ համակարգերի, արեւային տեխնոլոգիաների նմուշների հետ կապված տարբեր ծառայություններ:

Հայկ Հարությունյանի փոխանցմամբˋառանցքային միջոցառումներից մեկն Արեւային էներգիայի ներդրումային համաժողովն է լինելու:

«Համաժողովին կմասնակցի 30-ից ավելի միջազգային ընկերություն: Ներկայացնելու ենք Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում 55 ՄՎտ հզորությամբ առաջին արեւային կայանի կառուցման հնարավորություններն ու դրա համար պետության կողմից անցկացվող մրցույթի մանրամասները»,- ասել է  Հայկ Հարությունյանը:

Փոխնախարարի խոսքով՝ մրցույթի անցկացումը թույլ կտա փորձառու կազմակերպությունների մասնակցության շնորհիվ ստանալ նվազագույն սակագնի առաջարկ:

Համաժողովին մասնակցելու են ներդրողներ Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից եւ այլն:

ՀՀ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանն էլ նկատել է, որ «երկամյա պարբերականությամբ այս միջոցառումը, ասես, հաշվետվություն լինիˋ ինչ զարգացումներ են եղել նախորդ տարավ համեմատ, եւ ինչ խնդիրներ են լուծվել»:

«Այս տարի հետաքրքիր ասելիք ունենք ինչպես էներգախնայողության, այնպես էլ վերականգնող էներգիայի ոլորտների վերաբերյալ»,- ընդգծել է հիմնադրամի տնօրենը:

Դիտում՝ 4436
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW