Փոքր ՀԷԿ-երի համար կսահմանվեն տեխնիկական նոր պահանջներ

18.01.2017 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հագեցվածության մակարդակը բավականաչափ ցածր է, ինչը բացասաբար է ազդում ինչպես էլեկտրական էներգիայի արտադրության, այնպես էլ ջրային ռեսուրսների օգտագործման  արդյունավետության վրա։

«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ անցած տարվա վերջին կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգով նախատեսվում է սահմանել տեխնիկական այնպիսի չափանիշներ, որոնք պայմաններ կստեղծեն այդ իրավիճակը շտկելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով՝ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի զգալի մասում տեղադրվել են չարտոնագրված, համեմատաբար էժան սարքավորումներ։ Դրանք հիմնականում ներկրվել են Ռուսաստանից, Չինաստանից եւ Եվրոպական Միության երկրներից, իսկ այդ սարքավորումների կիրառման համար Հայաստանում չկան ազգային ստանդարտներ եւ տեխնիկական պահանջներ։

Նախարարությունում նշել են, որ փոքր ՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները ապահովելու հարցը ներկայում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման դաշտում է եւ քննարկվում է անդամ պետությունների հետ: ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովին առաջարկվել է տեխնիկական պահանջներ սահմանել նոր կառուցվող, վերակառուցվող եւ վերազինվող փոքր ՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումների նկատմամբ` միջազգային ստանդարտների ընդունմամբ:

«Ակնկալվում է, որ տեխնիկական կանոնակարգի ընդունմամբ հնարավոր կլինի միջնաժամկետ հեռանկարում հասնել փոքր ՀԷԿ-երի շահագործման բարելավմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` ապահովել փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացումը։ Դրանով զգալիորեն կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը, իսկ սպառողներին կմատակարարվի ավելի որակյալ էլեկտրական էներգիա՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցությամբ»,- կարծում եմ նախարարությունում:

Հայեցակարգով անհրաժեշտ է համարվում նաեւ գործող փոքր ՀԷԿ-երի ջրառի եւ էկոթողքերի կետերում տեղադրել ջրաչափման առցանց ավտոմատ կառավարման համակարգեր։

Դիտում՝ 3771
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW