Աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացն կսկսի 2017թ. ապրիլին եւ կշարունակվի մինչեւ 2019թ. հունվարը:Ինչպես հայտնել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի ծառայությունից, ներկայում միջոցներ են ձեռնարկվում անհատ քաղաքացիների եւ գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացումն ապահովելու եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու ուղղությամբ: 2017թ. նախատեսվում է թվայնացնել 100 եւ ավելի աշխատող ունեցող գործատուների մոտ պահվող աշխատանքային գրքույկները: Գործընթացը սկսվելու է ծառայության կայքում հրապարակված ժամանակացույցի համաձայն, որը կարող է վերանայվել ծառայության տարածքային բաժնի եւ գործատուի միջեւ փոխհամաձայնեցման դեպքում: «Գործատուների վրա լրացուցիչ որեւէ ծանրաբեռնվածություն այս առումով չի լինելու: Մինչեւ համապատասխան աշխատանքային գրքույկների ներկայացումը ծառայությունն իր տարածքային ստորաբաժանումների միջոցով կապ կհաստատի յուրաքանչյուր գործատուի հետ՝ ընթացքը սահուն ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: Ծառայությունում տեղեկացրել են, որ գործատուները, մինչեւ իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները տարածքային բաժին ներկայացնելը, գրքույկի լրացված վերջին էջից հետո պետք է նշեն լրացված բոլոր էջերի թիվն ու ստորագրեն (կնիքի առկայության դեպքում՝ նաեւ կնքեն)՝ նշելով ստորագրողի եւ կնքողի զբաղեցրած պաշտոնը, անունն ու ազգանունը:Միաժամանակ, ծառայությունում զգուշացրել են, որ ցանկացած կեղծ տեղեկատվություն առաջացնելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն: «Թվայնացման արդյունքում էապես կբարելավվի կենսաթոշակային եւ սոցիալական այլ ծառայությունների որակն ու հասցեականությունը, ինչպես նաեւ կնվազեն առկա բազմաթիվ ռիսկեր, այդ թվում՝ կոռուպցիոն»,- նշել են կառույցում: Հիշեցնենք, որ 2017թ. հունվարի մեկից աշխատանքային գրքույկները դուրս են եկել գործածությունից: Tweet Դիտում՝ 4385