ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ սոցիալ-տնտեսական մարտահրավերներին արձագանքման տեսանկյունից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներուժն «իրացվում է դեռեւս ոչ բավարար ծավալով»:Այդ մասին նախագահն ասել է դեկտեմբերի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:«Որպես հետեւանք, Միության ստեղծման եւ գործունեության հետ կապված բիզնեսի եւ քաղաքացիների սպասումները, ինչպես նաեւ վերջինիս դերակատարությունը տնտեսության արդիականացման եւ քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում մնում են չիրականացված: Իրավական հիմքը մասամբ ձեւավորված է, բայց պահպանվում են ինտեգրացիոն ներուժի օգտագործման սահմանափակումներ, ինչը, մեր կարծիքով, թույլ չի տալիս օպերատիվ արձագանքել համաշխարհային տնտեսության վատթարացող իրավիճակին: Մի խոսքով, չնայած լուրջ առաջխաղացումներին, դեռեւս բաց են մնում շատ հարցեր», - նկատել է Հայաստանի ղեկավարը:Սերժ Սարգսյանն ասել է, որ Միությունը պետք է առաջ գնա երկու առանցքային ուղղություններով: «Առաջինը` «չորս ազատությունների» լիարժեք ազատականացման ճանապարհին մնացած խոչընդոտների վերացումն է եւ Միության ներսում ինտեգրացիայի զարգացումը: Երկրորդը` անդամ պետությունների ազգային տնտեսությունների եւ, ընդհանուր առմամբ, Միության առավել արդյունավետ ներգրավումն է գլոբալ առեւտրային համակարգում», - նշել է ՀՀ նախագահը:Այս համատեքստում, ասել է նա, «Մաքսային օրենսգրքի ընդունումը ծանրակշիռ քայլ է մեր հետագա ինտեգրման ճանապարհին, քանի որ այն ուրվագծում է անցումը դեպի մեկ միասնական մաքսային կարգավորում տնտեսական միության ողջ տարածքում:» Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Իրանի հետ ԵԱՏՄ համագործակցության հեռանկարների մասին: «Իրանի նախագահի վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը: Իրանի Նախագահն իր հետաքրքրվածությունը հայտնեց ԵԱՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը կհանգեցնի ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը: Հայաստանը ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Իրանի միջեւ բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը», - ասել է Սերժ Սարգսյանը: Tweet Դիտում՝ 20759