Ծաղկաձորում այսօր մեկնարկել է «ԵԱՏՄ-Հայաստան. արդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով համաժողովը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն իր խոսքում նշել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ կա եւ Հայաստանը պատրաստ է դրան: «Անկասկած, ամենակարեւոր խթանը մասնավոր ներդրումներն են, եւ Հայաստանը, հաշվի առնելով դա, ստեղծում է բոլոր պայմանները ներդրումներ ներգրավելու համար՝ չդնելով համարյա ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության համար: Կարծում եմ, ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականությունը պետք է մեծապես նպաստի արդյունաբերության կայուն զարգացմանը, անդամ պետությունների միջեւ ոլորտում մրցունակության բարձրացմանը, արդյունավետ համագործակցության իրականացմանը, ինչպես նաեւ ապրանքափոխադրումների ճանապարհին առաջացած խոչընդոտների վերացմանը»,- նշել է փոխնախարարը:Համաժողովին մասնակցել են Հայաստանի պետական կառավարման մարմինների մի շարք պաշտոնյաներ, բիզնեսին առնչվող կառույցների ղեկավարներ, արդյունաբերողներ եւ գործարարներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաեւ Հայաստանում ԵԱՏՄ անդամ պետությունների դեսպաններ եւ առեւտրային ներկայացուցիչներ:Համաժողովի շրջանակներում անցկացվել են երկու կլոր սեղաններ` «Արդյունաբերական քաղաքականության հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցությունը» եւ «ԵԱՏՄ թվային տարածության ձեւավորման եւ զարգացման խնդիրները» թեմաներով:Համաժողովի ընթացքում Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի եւ Մոսկվայի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր: Tweet Դիտում՝ 4255