Բացվել է Երեւանը շրջանցող մայրուղու առաջին հատվածը
19.12.2016 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Այսօր բացվել է Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհը, որն ապահովում է քաղաքի հարավային մուտքը:
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակում:
Ծրագրի հիմնական նպատակն է քաղաքի հյուսիսային եւ հարավային մուտքերի միջեւ սահուն կապ հաստատելով՝ տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երեւան քաղաքի կենտրոնը:
Ըստ պատասխանատուների՝ նորակառույց ավտոճանապարհն իր վրա կվերցնի հարավից դեպի մայրաքաղաք եկող եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտային հոսքերի ամբողջ ծանրաբեռնվածությունը:
Միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված ճանապարհի երկարությունը 5 կմ է, միջին լայնությունը՝ 24-28 մ: Տրանսպորտային հոսքերի անընդհատ երթեւեկություն ապահովելու նպատակով կառուցվել է 270 մ երկարությամբ էստակադա՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով:
Հիմնական ճանապարհը բաղկացած է երթեւեկելի 4 գոտուց:
Արտաշատի խճուղու վրա կառուցվել է վերգետնյա հետիոտն անցում, որն առաջին անգամ Երեւան քաղաքում ապահովված է հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված վերելակներով:
Քաղաքապետի խոսքով՝ ծրագրի երկրորդ փուլով արդեն սկսվել են Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհի շինարարական աշխատանքները, որոնց շրջանակում նախատեսված է նաեւ Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ կամրջի կառուցում: Այն կկրի «Էրեբունի-Երեւան-2800» անունը եւ կնվիրվի Երեւանի 2800-ամյակին:
Նախատեսվում է 2019թ. ամբողջությամբ ավարտել մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: