Դեկտեմբերի 15-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի եւ Եվրոպական բիզնես ասոցիացիայի միջեւ կնքվել է պայմանագիր «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի վերաբերյալ: ԻՏՁՄ-ում նշել են, որ ծրագիրը միտված է նպաստել իշխանության կողմից ՓՄՁ գործարար միջավայրի նկատմամբ տարվող քաղաքականության բարելավմանը` իրականացնելով մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ոչ պաշտոնական հանդիպումներ, կլոր սեղաններ, հանրային սեմինարներ, աշխատանքային խմբերի հանդիպումներ եւ, ի վերջո, համապատասխան փաստաթղթերի մշակումներ: Ծրագրի նորարար մոտեցումը նորարարական կայքի մշակումն է (whistle-blowing), որը հնարավորություն կտա գործարարներին գրանցել, ազդարարել կոռուպցիոն եւ այլ խնդիրները, որոնց հիման վրա հետագայում կմշակվեն բարեփոխումների առաջարկներ: Նախագիծը կբարելավի նաեւ բիզնես ասոցիացիաների (BMOs-Business Membership Organizations) գործունեությունը: Վերջիններս ձեռք կբերեն պետություն-մասնավոր հատված երկխոսության փորձ ու ազդեցություն եւ իրենց անդամներին կտրամադրեն նոր ու կատարելագործված ծառայություններ: Tweet Դիտում՝ 11985