ՀՀ խաղալիքների մակնշումն ու հավաստագրումը՝ ոլորտի գերխնդիր

16.12.2016 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանն այսօր ասել է, ՀՀ խաղալիքների շուկայում ներկրման եւ արտադրության հետ կապված անվտանգության առաջնային խնդիրը խաղալիքների հավաստագրումն է ու հայերեն մակնշումը:

«Ամբողջ աշխարհում չկա մի զարգացած երկիր, որտեղ խաղալիքը վաճառվում է առանց ուղեկցող փաստաթղթի»,- ասել է Լեւոն Խալիկյանը խաղալիք ներկրող, իրացնող եւ արտադրող տնտեսվարողների հետ հանդիպմանը:

Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ՝ հայերեն մակնշումն անհրաժեշտ է, որպեսզի գնորդը հստակ տեսնի՝ որ կազմակերպությունն է այն ներմուծել, տարիքային որ խմբի համար է նախատեսված: Իսկ սերտիֆիկացումը պահանջվում է՝ հավաստելու համար խաղալիքների անվտանգությունը (սուր անկյունների, արտադրության մեջ առողջության համար վտանգավոր, ալերգիկ կամ շնչառական խնդիրներ առաջացնող նյութերի բացակայություն եւ այլն):

Նախարարության ստանդարտացման, չափագիտության եւ տեխնիկական կանոնակարգման վարչության տեխնիկական կանոնակարգման բաժնի պետ Գայանե Մարգարյանն էլ նշել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրներից ներմուծման դեպքում խաղալիքի կրկնակի գնահատում չի իրականացվում: Մինչդեռ, եթե խաղալիքը ներմուծվել է երրորդ երկրից, ապրանքը պետք է համապատասխան փորձարկում անցնի եւ ստանա հավաստագիր:

«Մեր բոլոր հարեւան երկրները ԵԱՏՄ համակարգին ծանոթ են, եւ այդ նույն ընկերությունները պատրաստ են արտադրելու միության տեխնիկական կանոնակարգի պահանջներով»,- ասել է Գայանե Մարգարյանը:

Համապատասխան պահանջներին չհամապատասխանելու դեպքում գործարարը կարող է տուգանվել, իսկ եթե «խախտումը վերացնել չի լինում, եւ տվյալ խմբաքանակը սպառնում է երեխայի կյանքին ու առողջությանը, ապա այն դուրս է գալիս վաճառքից»:

Լեւոն Խանիկյանի խոսքով՝ նման դեպքեր գրանցվել են, սակայն շատ հաճախ տնտեսվարողները բարեխղճորեն դադարեցնում են երեխաների կյանքի համար վտանգավոր խաղալիքների վաճառքը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն ընդգծել է, որ քիչ չեն դեպքերը, երբ այլ ապրանքների ներկրմամբ զբաղվող գործարարները ներմուծում են նաեւ խաղալիք՝ առանց անհրաժեշտ հավաստագրման: Մասնավորապես, այս պահի դրությամբ՝ 163 ներկրող ընկերությունից միայն 10%-ն է սերտիֆիկացված:

Հանդիպմանը ներկա տնտեսվարողները մտահոգություն են հայտնել, որ հենց այդ ցուցանիշն արդեն վկայում է, որ գործարարների համար մեծ խմբաքանակով խաղալիքների մակնշումը եւ սերտիֆիկացումը լրացուցիչ խնդիրներ են առաջացնում: Որպես լուծում՝ նրանք առաջարկում են սերտիֆիկացումն իրականացնել սահմանի վրա, որպեսզի անհամապատասխանությունների դեպքում հնարավոր լինի խմբաքանակը հետ ուղարկել՝ առանց մաքսազերծման, հետեւաբար, առանց ֆինանսական հավելյալ կորուստների:

Գայանե Մարգարյանն այս կապակցությամբ նշել է, որ նախկինում գործընթացն իրականացվում էր հենց սահմանի վրա, սակայն այդ ժամանակ էլ առաջանում էին այլ խնդիրներ, մասնավորապես՝ պահեստավորման հետ կապված լրացուցիչ ծախսեր, եւ կառավարությունը, ընդառաջելով տնտեսավարողներին, փոխել է ընթացակարգը:

Բացի այդ, գործարարների կարծիքով՝ մի քանի աշխատող ունեցող ընկերության համար ֆիզիկապես անհնար է տասնյակ հազարավոր ապրանքների մակնշումը:

«Հիմա ի՞նչ եք առաջարկում. 300 տեսակի 10 հազ. հատ խաղալիքի վրա ֆիզիկապես ո՞նց փակցնենք, որ չտուգանվենք»,- իր վրդովմունքն է հայտնել «Տունտունիկ» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Թադեւոսյանը:

Լեւոն Խալիկյանը, ի պատասխան, նշել է. «Մենք ձեզ չենք առաջարկում, այլ պարտադրում ենք ու զգուշացնում՝ եթե դուք վաճառում եք խաղալիք, որը կարող է երեխայի կյանքին ու առողջությանը վնաս պատճառել, մենք կգանք, կտուգանենք: Եթե դուք այս ոլորտում գործունեություն եք իրականացնում, ապա պարտավոր եք օրենքին հետեւել: Այս չափանիշները մշակվել են միայն անվտանգությունից ելնելով»:

Խաղալիքների հայաստանյան շուկայի վերաբերյալ ընդգրկուն տեղեկություններ ստանալու նպատակով Banks.am-ն ավելի վաղ հարցում էր ուղարկել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, որի ամբողջական պաշտոնական պատասխանը դեռեւս չի ստացվել:

Դիտում՝ 3516
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW