Եվրոպայի տնտեսական լճացման պատճառներն ու հետեւանքները

19.12.2024 | 23:18 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության եւ հանրային քաղաքականության պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Քենեթ Ռոգոֆ

Մինչ Եվրոպան պատրաստվում է հնարավոր առևտրային պատերազմներին, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին սկսի իր պաշտոնավարումը, եվրոպական երկու խոշորագույն տնտեսությունները խնդիրների առաջ են կանգնել: Գերմանիային երկրորդ տարին անընդմեջ զրոյական աճ է սպասում, իսկ Ֆրանսիայի տնտեսական աճը 2025 թվականին կլինի 1%-ից պակաս:

Արդյո՞ք Եվրոպայի տնտեսական լճացումը անբավարար քեյնսյան խթանման հետևանքն է, թե՞ մեղավոր են փքված, խեղանդամ սոցիալական պետությունները: Ամեն դեպքում պարզ է, որ նրանք, ովքեր հավատում են, որ Եվրոպայի խնդիրները կարող են լուծել պարզ միջոցները, ինչպես բյուջեի ավելի բարձր դեֆիցիտը կամ ցածր տոկոսադրույքները, կտրված են իրականությունից:

Ֆրանսիայի ագրեսիվ խթանման քաղաքականությունը, օրինակ, արդեն հասցրել է բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 6%-ի, իսկ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2015-ի 95%-ից հասել է 112%-ի: 2023-ին նախագահ Էմանուել Մակրոնը բախվեց բողոքի մեծ ցույցերի, երբ որոշեց բարձրացնել կենսաթոշակային տարիքը 62-ից մինչև 64․ քայլն իմաստալից էր, սակայն հազիվ թե անդրադառնում էր երկրի ֆինանսական խնդիրների էությանը: Ինչպես վերջերս զգուշացրեց Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը, Ֆրանսիայի հարկաբյուջետային հետագիծը հնարավոր չէ պահպանել է առանց լայնածավալ բարեփոխումների:

Ամերիկացի և բրիտանացի առաջադեմ գործիչները հիանում են Ֆրանսիայի մեծ կառավարման մոդելով և ցանկանում, որ իրենց երկրները նման քաղաքականություն որդեգրեն: Բայց պարտքի շուկաները վերջերս գիտակցեցին Ֆրանսիայի արագ աճող պարտքի ռիսկերը: Հատկանշական է, որ Ֆրանսիայի կառավարությունն այժմ ավելի բարձր ռիսկի հավելավճար է տալիս, քան Իսպանիան:

Քանի դեռ ակնկալվում է, որ առաջադեմ տնտեսության պետական պարտքի իրական տոկոսադրույքները բարձր կմնան (եթե տնտեսական անկում չլինի), Ֆրանսիան չի կարող տնտեսական աճի շնորհիվ լուծել իր պարտքային և կենսաթոշակային խնդիրները: Փոխարենը, մեծ պարտքի բեռը անկասկած կազդի նրա երկարաժամկետ տնտեսական հեռանկարների վրա: 2010 և 2012 թվականներին ես ու Կարմեն Մ. Ռայնհարթը հրապարակեցինք երկու հոդված, որոնցում պնդում էինք, որ չափազանց մեծ պարտքը վնասում է տնտեսական աճին: Եվրոպայի և Ճապոնիայի դանդաղ, պարտքերով ծանրաբեռնված տնտեսությունները դրա վառ օրինակներն են, ինչպես ցույց են տվել հետագա գիտական հետազոտությունները:


Պարտքի ծանր բեռը խոչընդոտում է ՀՆԱ-ի աճին` սահմանափակելով կառավարության ունակությունը արձագանքելու տնտեսության դանդաղումներին և անկումներին: Ընդամենը 63% պարտք-ՀՆԱ հարաբերակցությամբ՝ Գերմանիան տեղ ունի վերակենդանացնելու իր քայքայված ենթակառուցվածքը և բարելավելու իր անբավարար կրթական համակարգը: Արդյունավետ կիրառման դեպքում այս ներդրումները երկարաժամկետ աճ կառաջացնեն և կփոխհատուցեն ծախսերը: Բայց հարկաբյուջետային ազատությունը արժեքավոր է միայն խելամտորեն օգտագործելու դեպքում. իրականում Գերմանիայի «պարտքի արգելակը» (տարեկան դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 0,35%-ը) չափազանց անճկուն է, և հաջորդ կառավարությունը պետք է փորձի այն շրջանցել:

Ավելին, պետական ծախսերի ավելացումը առանց էական բարեփոխումների կայուն աճ չի ապահովի: Մասնավորապես, Գերմանիան պետք է վերականգնի 2000-ականների սկզբին նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի կողմից ներդրված Հարթսի բարեփոխումների հիմնական տարրերը: Դրանք գերմանական աշխատաշուկան դարձրին զգալիորեն ավելի ճկուն, քան Ֆրանսիայինը, և կարևոր դեր խաղացին Գերմանիային՝ «Եվրոպայի հիվանդին», դինամիկ տնտեսության վերածելու մեջ: Սակայն տնտեսական քաղաքականության տեղաշարժը դեպի ձախ չեղարկեց այս առաջընթացի մեծ մասը՝ լրջորեն խաթարելով Գերմանիայի գովաբանված արդյունավետությունը: Անհրաժեշտ ենթակառուցվածքներ արտադրելու նրա կարողությունը տեսանելիորեն տուժեց. վառ օրինակ է Բեռլինի Բրանդենբուրգյան օդանավակայանը, որը վերջապես բացվեց 2020-ին՝ նախատեսված ժամանակացույցից տասը տարի ուշ ու եռապատիկ ծախսով:

Գերմանիան, ի վերջո, կհաղթահարի իր ախտը, բայց հիմնական հարցն այն է, թե որքան ժամանակում: Այս ամսվա սկզբին կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնանկ արեց ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, ինչը հանգեցրեց նրա փխրուն կոալիցիոն կառավարության տարրալուծմանը: Փետրվարի 23-ին նշանակված ընտրություններում ոչ խարիզմատիկ Շոլցն այժմ պետք է մի կողմ քաշվի և թույլ տա, որ ղեկավարի մեկ այլ սոցիալ-դեմոկրատ, այլապես կվտանգի իր կուսակցությունը:

Շոլցը մինչ այժմ դիմադրում է վերընտրվելուց հրաժարվելու կոչերին՝ վտանգելով իր կուսակցության հնարավորությունը՝ իշխանության մնալու: Մի կողմ քաշվելու իր դժկամությամբ նա նման է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որը չափազանց երկար սպասեց ջահը ավելի երիտասարդ թեկնածուին փոխանցելու համար․ սխալ քայլ, որն անկասկած նպաստեց Հարիսի պարտությանը ընտրություններում:


Այս քաղաքական խառնաշփոթում Գերմանիան բախվում է աճող մարտահրավերներին, որոնք սպառնում են նրա կարգավիճակին՝ որպես Եվրոպայի հզոր տնտեսական կենտրոնի: Մինչ Ուկրաինայի պատերազմը շարունակում է քայքայել ներդրողների վստահությունը, Գերմանիայի արդյունաբերական բազան դեռ պետք է վերականգնվի էժան ռուսական էներգակիրները կորցնելուց հետո: Միևնույն ժամանակ ավտոմոբիլային ոլորտը դժվարությամբ է բենզինով աշխատող մեքենաներից անցնում էլեկտրական մեքենաների՝ հետ մնալով համաշխարհային մրցակիցներից, իսկ արտահանումը Չինաստան (որի տնտեսությունը նույնպես անկում է ապրում) կտրուկ նվազել է:

Այս խնդիրները, հավանաբար, լուծելի են, եթե հաջորդ տարի իշխանության գա ավելի պահպանողական, շուկային կողմնորոշված կառավարություն: Սակայն Գերմանիային ճիշտ ուղու վրա վերադարձնելը հեշտ չի լինի՝ հաշվի առնելով, որ հանրային աջակցությունը կառուցվածքային բարեփոխումներին մնում է ցածր: Առանց կտրուկ փոփոխությունների՝ Գերմանիայի տնտեսությունը դժվարությամբ կվերականգնի դինամիզմն ու ճկունությունը, որոնք անհրաժեշտ են դիմակայելու Թրամփի մոտալուտ մաքսային պատերազմներին:

Թեև եվրոպական տնտեսությունների մեծ մասը բախվում է նմանատիպ մարտահրավերների, Իտալիան գուցե մի փոքր ավելի լավ հանդես գա վարչապետ Ջորջիա Մելոնիի օրոք, որը, թերևս, մայրցամաքի ամենաարդյունավետ առաջնորդն է: Իսպանիան և մի քանի փոքր տնտեսություններ, հատկապես Լեհաստանը, կարող են լրացնել Գերմանիայի և Ֆրանսիայի բացը: Բայց նրանք չեն կարող լիովին փոխարինել ԵՄ երկու տնտեսական ծանրամարտիկներին:

Տնտեսական հեռանկարը շատ ավելի տխուր կլիներ, եթե չլիներ Եվրոպայի զբոսաշրջային գրավչությունը, հատկապես ամերիկացի ճանապարհորդների շրջանում, որոնց հզոր դոլարները աջակցում են արդյունաբերությանը: Չնայած դրան՝ 2025-ի հեռանկարը անշուք է: Չնայած եվրոպական տնտեսությունները դեռ կարող են վերականգնվել, քեյնսյան խթանները բավարար չեն լինի կայուն աճ պահպանելու համար:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:

«Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 3265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW