ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: «Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, եւ այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, եւ մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռեւս, մեղմ ասած, սպասողական է, թեեւ չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին»,- ասել է նախագահը:Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հսկայական աշխատանք է կատարվել, եւ 10 օր հետո կամփոփվեն որոշակի արդյունքներ: Նախագահը կարեւորել է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերը, այդ թվում՝ Մաքսային օրենսգրքի ընդունումը: «Մենք ակտիվորեն աջակցում ենք Եվրասիական հանձնաժողովի եւ մեր ավանդական գործընկերոջ՝ Իրանի միջեւ բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ եւ արդյունավետ հասնել ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը:Տիգրան Սարգսյանն էլ ընդգծել է, որ ՀՀ նախագահի հետ համատեղ կքննարկվեն ինտեգրացիոն միության խորացմանն ուղղված առաջնայնությունները, «որպեսզի անդամ բոլոր երկրները ստանան այն տնտեսական օգուտները, որոնց վերաբերյալ ձեւավորվել են լուրջ ակնկալիքներ ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ քաղաքական գործիչների մոտ»: Tweet Դիտում՝ 19611