ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպել է ՀՀ 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարների հետ:Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, խոշոր հարկատուները բարձրաձայնել են հարկային գերավճարների մեծ չափերի, հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցման, մաքսազերծման ժամկետների կրճատման, մրցակցային դաշտին վերաբերող եւ այլ հարցերի մասին:Անդրադառնալով գերավճարների խնդրին՝ վարչապետը նշել է, որ հաջորդ տարի պետք է համատեղ աշխատել Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ կազմելով որոշակի ժամանակացույց: «Պարզ է՝ մենք այդ խնդիրը պետք է լուծենք: Մենք մյուս տարի սեփական եկամուտների բավական ագրեսիվ աճ ենք նախատեսել: Եթե սեփական եկամուտների աճի ժամանակ մենք նաեւ դնում ենք գերավճարների նվազեցում, պատկերացնում եք, չէ՞, ինչքա՞ն ենք դնում աճը, մաթեմատիկորեն ասած: Եթե մենք ասում ենք՝ այսքան տոկոս մուտքերի աճ պետք է լինի, եւ միեւնույն ժամանակ մենք գերավճարը պետք է մաշեցնենք, ստացվում է, որ բազիսային մուտքերը պետք է ավելի շատ աճեցնենք»,- ասել է կառավարության ղեկավարը: Ի պատասխան հարցի, թե դիզվառելիքի շուկայում մրցակցության աշխուժացման արդյունքում խոշորագույն ներկրող ընկերություններն աշխատում են զրոյական շահույթով՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ մրցակցային դաշտն ինքն իրեն կկարգավորի: Հանրային ծառայություններ մատուցող խոշոր կազմակերպություններն էլ բարձրացրել են ենթակառուցվածքների բարելավման եւ նորմատիվային դաշտի հետ կապված խնդիրների մասին: Կարեն Կարապետյանն առաջարկել է շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ ձեւավորել հարթակ՝ մշտական կապի մեջ լինելու եւ պետություն-մասնավոր հատված երկխոսությունը զարգացնելու համար: Tweet Դիտում՝ 3726